Պարզվում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների տարած լուրերն այն մասին, թե Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի և Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ֆրանչեսկ Հագորի հանդիպումը, որի ընթացքում, իբր, լեհ գեներալը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա, սուտ են: Ընդ որում, լրատվամիջոցները հղում են կատարել Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների վրա:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պարզաբանում է այդ լուրերը` պատասխանելով Panorama.am-ի հարցին: «Ես պատասխանում եմ: Վարշավայում Հայաստանի դեսպանությունը կապնվել է Լեհաստանի իշխանությունների հետ` ճշտելու համար գեներալին վերագրվող հայտարարությունները և ստացել պաշտոնական պատասխան, որ գեներալը նման հայտարարություն Բաքվում ընդհանրապես չի արել և Բաքվում գտնվել է ոչ թե պաշտոնական այցով, այլ տեխնիկական վայրէջք է կատարել Աֆղանստանից հայրենիք վերադառնալիս:
Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ֆրանչեսկ Հագորին վերագրվող հայտարարությունները կեղծ են և ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ապատեղեկատվության հերթական ապացույցն է»:
No comments:
Post a Comment