Thursday, January 29, 2009

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ

Մեր բոլոր զիջումները Ադրբեջանին մենք արդեն արել ենք

Այսօր ճակատագիրը հայությանը երկրորդ անգամ է հնարավորություն տալիս Հայկական պետականությունը վերականգնելու համար: Դա, ավաղ, ճակատագրի պարգեւն է, այլ ոչ թե՝ ազգային ազատագրական պայքարի հաջող ավարտը: Նման առաջին հնարավորությունը մենք ունեինք Ռուսական կայսրության, իսկ այժմ երկրորդը՝ Խորհրդային Միության փլուզումից հետո: Հայկական պետականությումը վերականգնելու իրական հեռանկարներ կային Արեւմտյան Հայաստանում՝ Կարին մայրաքաղաքով, եթե ընտրած լինեինք ազատագրական պայքարի կառուցողական, համբերատար, հեռատես տարբերակը: Բայց հայ «պահպանողական» մտածելակերպը եւ գործելակերպը պարտություն կրեցին, հաղթեց հեղափոխական մոտեցումը: «Երկաթի շերեփը» չէր, որ պետք էր հայերին, այլ՝ քաղաքականապես պատասխանատու, հասուն եւ իրատես գործելակերպ:

Մեր օրերում, ազատության պայմաններում ձեւավորվող ժամանակակից հայկական ազգային պետական քաղաքական մտածողություն ունեցող երիտասարդ պատմաբանները, քաղաքագետները, իրավաբանները, հուսով եմ, մոտ ապագայում կասեն իրենց խոսքը՝ բուժիչ, ճշմարիտ, գուցեեւ դաժան: Քաղաքական հայագիտությունը կայանալու է: Երաշխիքն այն է, որ ազատամտությունը ճանապարհ է հարթում: Անխուսափելիորեն ձեւավորվելու է ժամանակակից հայկական քաղաքական մտածողությունը, որը հենված կլինի հատկապես վերջին հարյուրամյակի հայոց քաղաքական պատմության իրատեսական վերագնահատման վրա:

Իսկ առայժմ փորձենք ձերբազատվել մի վտանգավոր մոլորությունից, որ հետեւանք է այն բազմաթիվ պատմական եւ գաղափարական խեղաթյուրումների, որ զոմբիացնում եւ ստրկացնում էր ժողովրդին խորհրդային ստի եւ բռնության երկարուձիգ տարիներին: Այն է, թե մեր ճշմարտությունը վտանգավոր է, իբր անհասկանալի է աշխարհին, անիրականանալի, քանի մենք թույլ ենք, թե մեր ճշմարտությունը մեզ խանգարում է, եւ մնում է խորամանկել ու հարմարվել: Իբր թե Հայկական հարցը վերջացած է, լուծված է Թալեաթի եւ Ստալինի սկզբունքներով:

Պատմական անհերքելի ճշմարտություն է, որ լուծել Արցախի հիմնախնդիրը (որը Հայկական հարցի արեւելյան ասպեկտն է)՝ նշանակում է մասնակի վերականգնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որը խախտվել էր քեմալա - բոլշեւիկյան ագրեսիայի հետեւանքով, երբ Հայաստանի Հանրապետությունը բռնի խորհրդայնացվեց ու մասնատվեց. Արցախը եւ Նախիջեւանը հանձնվեցին Ադրբեջանական ԽՍՀ-ին, Ջավախքը՝ Վրացական ԽՍՀ-ին, Կարսը, Սուրմալուն, Արդահանը՝ Թուրքիային: Այդ ակտերը ամրագրվեցին հանցավոր եւ անօրեն ՌԿ(բ)ԿԿ Կովբյուրոյի տխրահռչակ որոշումով եւ նույնանման 1921 թ. Մարտի 16 -ի բոլշեւիկ-քեմալական պայմանագրով: Երբ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ադրբեջանը, զրկվելով Կրեմլի եւ նրա բանակի աջակցությունից, պարտվեց իր իսկ կողմից սկսված պատերազմում, հայերն ազատագրեցին Արցախի մեծ մասը, Արեւելյան Հայաստանի զավթված տարածքների մի մասը: Խնդիրն ինչպես սկսվեց 1921 թ. հայկական տարածքների զավթումով, այնպես էլ ավարտվեց 1994 թ. նրանց ազատագրումով:

Հետեւաբար, խնդիրը չի վերաբերում երկրորդ հայկական պետության ստեղծմանը, ինչը հայերի վզին փաթաթվում է հետեւողականորեն, թուլացնելով նրանց դիրքերն, իբր նրանք ինչ-որ ազգային ինքնորոշման խնդիր են լուծում Ադրբեջանի տարածքում: Պարզ ճշմարտությունն այն է, որ գործընթացը 1988-ին վերսկսվեց միացման ակտով, եւ որ հիմնախնդիրը վերաբերում է Հայաստանի նվազագույն, բավարար նրա ապահով եւ բնականոն զարգացման համար տարածքային ամբողջականության վերականգնմանը, որ խաթարված էր բոլշեւիկ-քեմալական ագրեսիայի հետեւանքով: Հետեւաբար, բանակցությունները Ադրբեջանի հետ այնպես, ինչպես տարվում են այսօր, անիմաստ են եւ անհեռանկար, տանում են կամ ակնհայտ փակուղի, կամ էլ՝ մեզ համար աններելի եւ անարդարացի հայկական զիջումների: Ադրբեջանի հետ բանակցություններ կարելի է վարել միայն խաղաղության պայմանագիր կնքելու մասին, եթե նա ընդունի կատարվածը իբրեւ վերջնական իրողություն:

Դե-ֆակտո ՀՀ եւ Արցախը միացած են: Դե-յուրե միացման համար բանակցություններ պետք է վարել առաջին հերթին ՌԴ-ի հետ, իբրեւ՝ ԽՍՀՄ-ի իրավահաջորդի: Եվ առաջին հերթին միայն մի հարցի շուրջ. ընդունել եւ դատապարտել խորհրդային տոտալիտար ռեժիմի հանցագործությունը, Հայաստանի մասնատումը, նրա տարածքների անօրեն հանձնումը Խորհրդային Ադրբեջանին: Հայերը պետք է պահանջեն ՌԴ-ից, իսկ դրանից հետո՝ համաշխարհային հանրությունից՝ հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնումը: Դրա համար պետք է հասնել վերոհիշալ հանցավոր որոշման եւ պայմանագրի դատապարտմանը եւ դրանց հետեւանքների վերացմանը: Այնպես, ինչպես ընդունվեց եւ դատապարտվեց, օրինակ, Ռիբենտրոպ-Մոլոտով հանցավոր պակտը, որը հնարավոր դարձրեց դրա հետեւանքների շտկումը խաղաղ միջոցներով:

Դրա փոխարեն, հայերից սպասում են զիջումներ: Ի՞նչ զիջումների մասին կարելի է մտածել, երբ այսօրվա հայությունը եւ Հայաստանը տեղով իսկ անվերջանալի զիջումների եւ կորուստների հետեւանք են: Հայերը կարող էին հանրաքվե անցկացնել եւ հռչակվել որպես Առաջին Հանրապետության իրավահաջորդ, ինչը անմիտ եւ վախկոտ կերպով հրաժարվեցին անել 1991-ին: Եվ օրինավոր եւ արդար կերպով տարածքային պահանջներ ներկայացնել հարեւաններին: Հայերը դա չեն անում, եւ դա ահռելի զիջում է: Հայերը հիմա էլ կարող են արդարացի եւ օրինավոր պահանջներ ներկայացնել Նախիջեւանի, Հյուսիսային Արցախի, Գանձակի, Ջավախքի նկատմամբ: Եվ հայերը, իբրեւ զիջում, դա չեն անում, երբ ամեն իրավունք ունեն՝ այն դեպքում, երբ ազերիների հավակնությունները հայկական տարածքների նկատմամբ բացարձակ ոչ մի հիմք չունեն: Հայերը կարող են պահանջել չորս հարյուր հազարանոց ադրբեջանահայության վերադարձը, բազմամիլիարդ կորուստների հատուցումը, կարող են միջազգային դատարան դիմել՝ հայերի ցեղասպանությունը Ադրբեջանում դատապարտելու պահանջով: Հայերն, իբրեւ զիջում, դա չեն անում: Ովքե՞ր եւ էլ ի՞նչ նոր զիջումներ են սպասում հայերից: Մասամբ ազատագրված, անկախացած հայկական տարածքներն առանց այն էլ հազիվ են բավարարում լիարժեք, ապահով, հեռանկարային զարգացման համար: Դրանք չեն կարող լինել սակարկման առարկա:

Հետխորհրդային տարածքում կոնֆլիկտների խաղաղ լուծման բանալին Կրեմլում է: Դրա միջոցը քայլ առ քայլ, հետեւողական ապախորհրդայնացումն է, որը սկսվեց գորբաչովյան եւ ելցինյան բարեփոխումներով եւ դեռ չի հասել իր տրամաբանական ավարտին, իսկ դրա շարունակականության ապահովումը արգելակվում է հետադիմական ուժերի կողմից: Այսօր Ռուսաստանի վերջնական, անվերադարձ ապախորհրդայնացումը, ապաբոլշեւիկացումը, նրա վերադարձն իր պատմական ազատագրական եւ քաղաքակրթական առաքելությանը, որն ընդհատվեց բոլշեւիկյան հեղաշրջմամբ, ավելի առաջնահերթ պահանջ է, քան Թուրքիայի եվրոպականացումը, ժողովրդավարացումը, նրա կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Դա կարեւոր է, ոչ միայն ելնելով Հայկական հարցի լուծման տեսանկյունից, այլեւ Ռուսաստանի՝ համաշխարհային նոր, ավելի արդար եւ հումանիստական համակարգի կառուցմանը մասնակցելու համար: Ռուսաստանի վերադարձը քաղաքակիրթ աշխարհ՝ կօգնի իր իսկ ազգային շահերի ավելի արդյունավետ պաշտպանությանը:

Հետխորհրդային մինի-կայսրությունների ստալինյան մեթոդներով գծված հանցավոր սահմանների, այսպես կոչված, անձեռնմխելիությունը այսրոպեական նպատակներով հորինված է դեռ ոչ ամբողջովին ապախորհրդայնացված Մոսկվայի կողմից եւ անլրջորեն կրկնօրինակվում է նաեւ Արեւմուտքում: Ռուսաստանում սա ուշացած, բայց սկսում են հասկանալ: Դրա ապացույցներն են իրադարձություններն Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում: Արեւմուտքը քննադատեց Ռուսաստանին, նրա գործողությունները Վրաստանի հարցում, որովհետեւ այդ ակցիայի դրդապատճառները չեն բացահայտվում, ի հայտ չեն բերվում պատմական եւ քաղաքական ճշմարտությունները, չի ասվում, որ դրանով ուղղվում են տոտալիտար կոմունիստական ռեժիմի հանցագործությունների հետեւանքները: Փոխարենն՝ իբրեւ արդարացում, պատճառ է բերվում Ռուսաստանի քաղաքացիների, միջնորդների անվտանգությունը ապահովելու անհրաժեշտությունը: Դա թույլ, վախկոտ եւ իբր թե խորամանկ դիրքորոշում է: Ակնհայտ է նաեւ՝ Վրաստանն ու Ուկրաինան կողմնորոշված են դեպի ՆԱՏՕ, ինչը կանխելու նպատակով Ռուսաստանը ճնշում է գործադրում: Փոխանակ Ղրիմը քաղաքակիրթ ձեւով հետ պահանջելու (այս է բուն կոնֆլիկտը), ՌԴ-ն անվայել սկանդալ է սարքում գազի շուրջ, իբրեւ լծակ ճնշում կիրառելով Ուկրաինայի՝ Եվրոպա եւ ՆԱՏՕ մտնելու դեմ: Սակայն եվրոատլանտիզմը, ինչպես նաեւ գլոբալիզացիան, երկընտրանք չունեն: Միեւնույն է, վաղ թե ուշ վրացիներն ու ուկրաինացիները լինելու են այնտեղ: Եվ ոչ միայն նրանք: Ավելի ապահով եւ զարգացման հեռանկարային ուղի՝ տեսանելի ապագայում չկա: Շաղակրատանքները, հռետորությունը (Լեոնտեւ, Ռոգոզին, Դուգին եւ այլք) այդ կապակցությամբ՝ մեծ մասամբ ներքին գործածության համար են: Ստալինը դեռ ազգային հերոսների շարքում է: Չնայած լենինիզմ-ստալինիզմից ամենից շատ տուժել է հենց ռուս ժողովուրդը: Թերեւս հայերը երկրորդ տեղում են իրենց կորուստներով: Եվ մեր ու ռուսների մոլորություններն էլ են իրար նման:

Եվ վերջում՝ Երեւան-Անկարա հարաբերությունների մասին:

Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացումն՝ առանց նախապայմանների, եւ այդ թվում՝ առանց տարածքային պահանջներ ներկայացնելու, զիջում է եւ ռեալ քաղաքականություն: Պարտվել ենք 1920-ին: Պարտության հետեւանքները փոխել՝ մեր հնարավորություններից եւ ուժերից վեր է՝ չնայած արդարությունը եւ իրավունքը մեր կողմն են: Իսկ Ադրբեջանին մենք հաղթել ենք, եւ գումարած՝ իրավունքն էլ, արդարությունն էլ մեր կողմն են: Որպեսզի Թուրքիայի նկատմամբ Երեւանի զիջումները հասկանալի եւ ընդունելի լինեն համայն հայության համար, իսկ հայության արեւմտահայ հատվածը Թուրքիայի հետ իր հարաբերություններում ունի ուրույն կեցվածք ընդունելու պարտավորություն, անհրաժեշտ է ավելացնել հետեւյալը: Հայկական հարցի արեւմտահայ ասպեկտը վաղվա, մոտ ապագայի գործն է, երբ կհիմնադրվեն արեւմտահայերի լիազոր ներկայացուցչական մարմինները: Միայն այն ժամանակ հնարավոր կլինի ավելի քան յոթ միլիոն արեւմտահայերի (Օսմանյան կայսրության քաղաքացիների) ժառանգների ներկայացուցիչների անունից լիազորված ներկայացնել արեւմտահայրի իրավունքները եւ պահանջները՝ միջազգային իրավունքի նորմերի համաձայն, ինչպես որ հարկն է, ուր որ հարկն է:

ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, Մոսկվա

Առավոտ

No comments:

Post a Comment