Friday, February 6, 2009

ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՈՉՆՉԱՆՈՒՄ Է

2006 թվականի ամռանը ընտրված ԼՂՀ խորհրդարանում տեղի են ունենում քաղաքական վերադասավորումներ: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ղարաբաղի նախագահը Արկադի Ղուկասյանն էր, և այդ պատճառով էլ խորհրդարանում մեծամասնություն ստացավ նրա ստեղծած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը: 33 տեղանոց խորհրդարանում «Ժողովրդավարություն» անունով խմբակցությունն ուներ 16 պատգամավոր: 13 պատգամավոր ուներ «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խմբակցությունը, երեք պատգամավոր ՀՅԴ և «Շարժում 88» կուսակցությունների դաշինքը, իսկ միակ անկախ պատգամավորը ոչ անհայտ Ամուլյան էր:

Երկուշաբթի անկախ պատգամավորների թիվը հինգով ավելացել է. ԱԺԿ-ից դուրս եկած հինգ պատգամավորներ որոշել են ստեղծել խորհրդարանական խումբ և այն ցանկանում են հենց այդպես էլ անվանել «Անկախ պատգամավոր»` չնայած առաջարկվում է անվանել «Արցախաբույն»: ԼՂՀ խորհրդարանի կանոնակարգով պատգամավորական խումբ կարող է ստեղծել առնվազն երեք պատգամավոր:

Իսկ ինչո՞ւ են պատգամավորները լքում ԱԺԿ-ն: Այս կուսակցությունը չնայած ստեղծվել էր որպես իշխանամետ, սակայն վերջին շրջանում, անկախ իր կամքից, հայտնվել էր ընդդիմադիր դիրքերում: Խնդիրն այն է, որ 2007թ. նախագահական ընտրություններում հաղթած Բակո Սահակյանը վարչապետ նշանակեց ոչ թե ԱԺԿ որևէ ներկայացուցչի, այլ «Ազատ հայրենիքի» համանախագահ Արա Հարությունյանին: Արկադի Ղուկասյանի հեռանալով` նրա քաղաքական ժառանգություն ԱԺԿ-ն հայտնվեց խաղից դուրս վիճակում: Փորձելով ինչ-որ կշիռ տալ իր գոյությանը` ԱԺԿ-ն մերթ ընդ մերթ հակադրվում էր կառավարությանը: Այդպես եղավ ԼՂՀ 2009թ. բյուջեի քննարկումների ժամանակ, երբ ԱԺԿ-ն որոշեց քննադատել կառավարության նախագիծը, բայց արմատական ընդդիմություն չդառնալու համար նաև կողմ քվեարկեց դրան: Այս անհասկանալի վիճակը չէր կարող բավարարել ԱԺԿ բոլոր պատգամավորներին, հատկապես նրանց, ովքեր գերադասում են անվերապահ լինել իշխանության հետ` առանց առարկության կամ խաղերի:

Այս հինգ պատգամավորի հեռանալու պատճառով ԼՂՀ խորհրդարանում ստեղծված հարաբերական կայունությունը խաթարվում է: Հիմա ԱԺԿ-ն այլևս չունի մեծամասնություն, իսկ ամենամեծ խմբակցությունն ունի վարչապետի «Ազատ հայրենիք» կուսակցությունը: Հաջորդ շաբաթ նախատեսվում է սկսել Ղարաբաղի խորհրդարանի գարնանային նստաշրջանը: Արդյո՞ք ԱԺԿ և խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հրաժարական կտա. ոչ ոք չգիտի: Շատերը դա ուղղակի անհրաժեշտություն են համարում, քանի որ խորհրդարանի փոքրամասնության ներկայացուցիչը չի կարող ղեկավարել օրենսդրի աշխատանքը, քանի որ դա կհակասի քաղաքական տրամաբանությանը: Մանավանդ որ, մինչև խորհրդարանի նիստը ԱԺԿ խմբակցության շարքերը կարող են ավելի նոսրանալ: Այսինքն կլինի այն, ինչ եղավ 2006 թվականին: Եթե ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը երկու օր էլ ուշացներ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելը, ապա նրա խմբակցությունում կարող էր ինքն էլ չմնար: Մյուս կողմից Ղարաբաղում կան մարդիկ, ովքեր այնքան էլ նպատակահարմար չեն համարում այս պահին խորհրդարանի վերաձևավորումը` համարելով որ ընտրություններին մեկ տարուց մի քիչ ավելի ժամանակ է մնացել, իսկ այդ դեպքում ԱԺԿ-ն կամ ընդհանրապես չի մասնակցի դրանց, կամ մասնակցելու դեպքում` ոչ մի պատգամավորի չի կարողանա անցկացնել:

Այսպիսով կարելի է արձանագրել, որ ԱԺԿ խմբակցության տրոհումով` Ղարաբաղում տեղի է ունենում նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի քաղաքական ժառանգության ոչնչացման գործընթաց: ԱԺԿ ոչնչացմամբ վերանում են Ղարաբաղի քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն ծավալելու՝ Արկադի Ղուկասյանի բոլոր հույսերն ու հնարավորությունները:

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Ազատամտություն

04.02.2009

No comments:

Post a Comment