Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համատեղ ռազմական ուժերի ստեղծումը չի ազդի ԼՂ խնդրի լուծման բանակցությունների վրա, որոնք տեղի են ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Այս մասին այսօր «Թրենդ»-ին ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Մենք ՀԱՊԿ համատեղ ռազմական ուժեր ստեղծելու ոչ մի մանրամասնություն չգիտենք, բացի ՀԱՊԿ շրջանակներում արագ արձագանքման ուժեր ստեղծելու պլանների մասին նախնական զեկույցից»,- ասել է Բրայզան:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Մոսկվայում ՀԱՊԿ անդամ երկրները պայմանավորվել են ահաբեկչության և այլ սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով ընդհանուր ուժեր ստեղծել, ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն դեռ չի արձգանքել համագործակցության կոչերին: ՀԱՊԿ կազմում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Բելառուսն ու Ուզբեկստանը:
Բրայզայի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս ու ֆրանսիացի համանախագահները հաջողությամբ աշխատում են ինչպես միմյանց, այնպես էլ հակամարտող կողմերի հետ: «Դա իր արտահայտությունն է գտել դրական դինամիկայում, որն ի հայտ է եկել վերջերս հունվարի 28-ին Ցյուրիխում Հայաստան ու Ադրբեջանի նախագահներ Սարգսյանի ու Ալիևի հանդիպման ժամանակ»,- հավելել է նա:
Աղբյուր` Panorama.am
06.02.2009
No comments:
Post a Comment