Friday, February 6, 2009

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին հայրենի հեռուստաընկերությունների եթերում հաճախակի կարելի է հանդիպել ռեպորտաժների, որոնք խոսում են տեղեկատվական անվտանգության, կամ այսպես կոչված տեղեկատվական պատերազմի մասին: Նկատի ունենալով, որ Հայաստանի հեռուստաընկերությունները գտնվում են նախագահի նստավայրի աչալուրջ հսկողության տակ եւ նրանց եթերային քաղաքականությունը թերեւս մշակվում է այդ նստավայրի հետ առնվազն համաձայնեցնելով, եթե չասենք նստավայրի ցուցումներով, ապա պարզ է, որ հեռուստաընկերությունների եթերում տեղեկատվական պատերազմի մասին ռեպորտաժների շղթան վկայում է, որ դա իշխանական գաղափար է, որը հետեւողականորեն գեներացվում է հեռուստաեթերի միջոցով: Այդ գաղափարի հիմնական առանցքը, դատելով ռեպորտաժների բովանդակությունից, այն է, որ Հայաստանն ունի տեղեկատվական անվտանգության կարիք եւ տանուլ է տալիս տեղեկատվական պատերազմը Ադրբեջանին եւ Թուրքիային: Ընդունենք, որ դա այդպես է: Սակայն ումից ինչ է ուզում իշխանությունը, իր քարոզչամեքենայով գեներացնելով տեղեկատվական անվտանգության եւ տեղեկատվական պարտության գաղափարը, մի քիչ անհասկանալի է: Այդ ձեւը, որ ընտրել է իշխանությունը, հիմք է տալիս մտածելու, որ խնդիրն ամենեւին էլ տեղեկատվական հաղթանակի հասնելը չէ, այլ բոլորովին այլ հարցեր լուծելը, ինչպես սովորաբար արվում է: Այսինքն, իշխանությունն առաջ է բերում մի խնդիր, որի հասցեատերն ամենեւին հասարակությունը չէ, բայց դրանով փորձում է լուծել հասարակության հետ կապված խնդիրները: Տվյալ դեպքում թերեւս փորձ է արվում լուծել հասարակության ինֆորմացվածության խնդիրը: Այսինքն, քարոզվում է տեղեկատվական վտանգը ու դրանով հիմք է ստեղծվում տեղեկատվական անվտանգության միջոցառումների համար, որով էլ սահմանափակվում է հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքը: Այսինքն, իշխանության համար անցանկալի յուրաքանչյուր ինֆորմացիա կարող է համարվել տեղեկատվական անվտանգության սպառնալիք եւ կասեցվել մինչեւ հասարակությանը հասնելը: Հակառակ պարագայում դժվար է ասել, թե ինչի համար է հեռուստաեթերըլծվելտեղեկատվական անվտանգության խնդիրը տարածելուն, եթե հասարակությունն այդ առումով անելիք կարծես թե չունի: Անելիքն իշխանությանն է: Եթե Հայաստանը տանուլ է տալիս տեղեկատվական պատերազմը Թուրքիային եւ Ադրբեջանին, ապա դա նրանից չէ, որ ասենք հայկական լրատվամիջոցները տպագրում են ադրբեջանական կամ թուրքական լրատվամիջոցների նյութերը: Հայ հասարակությանն այդ նյութերը մեղմ ասած չեն էլ հուզում, հասարակությունը այդ նյութերից հետո ավելի պակաս չի սիրում իր հայրենիքը, քան դրանից առաջ, ու ոչ էլ այդ նյութերը ազդում են հասարակության մոտ իշխանության լեգիտիմության վրա: Այդ լեգիտիմության վրա ազդում են կեղծված ընտրություններն ու դրանց արանքում ընկած ժամանակահատվածում կատարվող անվերջ ու անսահման անօրինականությունները, որ իրենց թույլ են տալիս իշխանության շատ ու շատ ներկայացուցիչներ եւ նրանց հարազատ-բարեկամները: Ադրբեջանին եւ Թուրքիային Հայաստանի տեղեկատվական պարտության պատճառն այն է, որ Հայաստանը չունի դիվանագիտական անհրաժեշտ խողովակներ աշխարհի հետ հարաբերվելու համար, որ մեր դեսպանատների զգալի մասը ընդամենը բիզնես-կանտորաներ են դեսպանների եւ այլ պաշտոնյաների համար, ոչ թե Հայաստանն աշխարհին ներկայացնելու գրասենյակներ: Հայաստանի տեղեկատվական պարտության պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունը համաշխարհային մամուլում տպագրվում է ոչ թե աշխարհին մեր, այսինքն Հայաստանի եւ նրա կյանքի մասին տեղեկատվություն հաղորդելու կամ մեր կյանքը համաշխարհային կյանքի մի մասը դարձնելու նպատակով, այլ ընդամենը որպեսզի այդ հրապարակումները հետո ներքին կյանքում ծառայեցնի հասարակության աչքը մտցնելու համար, թե տեսեք մենք ինչքան լեգիտիմ ենք աշխարհում: Տեղեկատվական պատերազմը պետք չէ պատկերացնել Թուրքիայի կամ Ադրբեջանի վրա հայլուրային գրոհներով: Այդ գրոհները ընդամենը ժամանակի պարապ մսխում են, ոչ ավելի, որովհետեւ դրանից ոչ Թուրքիան ու Ադրբեջանն են ազդվում, ոչ էլ աշխարհն է հիանում Ստամբուլը կամ Անկարանարյան ծովսարքող հայ մտքի ուժով, ու ոչ էլ հայ հասարակությունն է իրեն ավելի անվտանգ զգում, տեսնելով, թե ինչպես մերկացվեց թուրքական կամ ադրբեջանական էլիտան իր դավադիր մտքերով: Սակայն պարզ է նաեւ, որ խնդիրը իրականում հասարակության անվտանգությունը չէ, այլ Հայաստանի էլիտայի: Ինչքան մեր հասարակությունը շատ է լսում հայհոյանք ադրբեջանական կամ թուրքական էլիտաների հասցեին, այդքան նա քիչ է տեղեկանում հայաստանյան էլիտայի կյանքի եւ գործունեության մասին: Իսկ ինչքան քիչ է տեղեկանում հայաստանյան էլիտայի կյանքի եւ գործունեության մասին, այնքան անվտանգ է դառնում այդ էլիտայի կյանքը: Թերեւս այդ տրամաբանությամբ է իշխանական քարոզչամեքենան հայ հասարակության ականջը լցնում Թուրքիայով եւ Ադրբեջանով, որպեսզի այդ ականջի մեջ բուն Հայաստանի մասին տեղ չմնա: Դա համարվում է տեղեկատվական անվտանգության ապահովում` միայն վատը Թուրքիայի եւ Ադրբեջանի մասին եւ միայն լավը կամ ոչինչ Հայաստանի մասին: Ամեն ինչ իհարկե շատ հիանալի կլիներ, եթե չլիներ մի փոքր հանգամանք` Հայաստանը շատ փոքր է, ու միայն լավը կամ ոչինչ կոնցեպտը չի գործում արդեն նույնիսկ Ռուսաստանում, ուր տեղեկատվական անվտանգության գրեթե նույն պատկերացումն է, պարզապես Թուրքիայի եւ Ադրբեջանի փոխարեն Ամերիկան են, Ուկրաինան եւ մեկ մեկ էլ Վրաստանը: Եթե հսկայական Ռուսաստանում չի գործում այդ կոնցեպտը, ապա կասկածից վեր է, որ այն չի կարող գործել փոքր Հայաստանում, ուր կյանքը միշտ էլ ուժեղ է լինելու ցանկացած տեղեկատվությունից: Հետեւաբար տեղեկատվական պայքարի լավագույն միջոցը տեղեկատվության բուն աղբյուրի` այսինքն կյանքի որակը փոխելն է, որովհետեւ ինչքան էլ փոխես աղբյուրը, ստեղծես նոր, արհեստական աղբյուրներ, միեւնույն է, կյանքը շարունակելու է դուրս տալ իր տեղեկատվությունը, որը լինելու է ամեն ինչից շատ ավելի ուժեղ:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրագիր

05.02.2009

No comments:

Post a Comment