Monday, December 29, 2008

Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2008 թվականին` ԼՂ կարգավորման գործընթացի համատեքստում

Սկիզբը  նախորդ համարում

Հոկտեմբերի 17-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց Սերժ Սարգսյանի` ռուսական կողմնորոշումից հրաժարվելու, Արեւմուտքի կողմը շրջվելու մարտավարություն որդեգրելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբից Ռուսաստանի դուրսմղման վտանգների մասին:

Հատկանշական է, որ Ռուսաստանի նախագահի` Հայաստան սպասվող այցի ֆոնին, ռուսաստանյան պարբերականներով հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության, ԼՂ հիմնախնդրում հայկական կողմից ակնկալիքների վերաբերյալ որոշակի տեղեկատվության արտահոսք եղավ: Այսպես` հոկտեմբերի 18-ին, նախ ադրբեջանական «Զերկալոն»` անդրադառնալով ԼՂ-ում խաղաղապահ առաքելության հնարավորություններին, տարբեր երկրների կողմից այդ առաքելության իրականացման ձգտումներին, փաստեց, որ այդ հարցը առաջիկայում օրակարգային է դառնալու, եւ հենց Ռուսաստանն է այս հարցում առանցքային դեր խաղալու: «Զերկալոն» վրաց-ռուսական պատերազմից հետո` ռուսական խաղաղապահի «տաղանդի» նոր նպատակների մասին գրելով ուշագրավ տեղեկություն հայտնեց` հղում կատարելով ռուսաստանյան Geopolitica.ru պարբերականին: Այս պարբերականը` ՌԴ ԱԳՆ-ի եւ կառավարության իր աղբյուրները չբացահայտելով, հայտնել էր, թե ՌԴ-ն Հայաստանի ղեկավարությանը վերջնագիր է ներկայացրել` հայկական զորքերը պետք է հեռանան ԼՂ-ից, որտեղ դրանց փոխարեն պետք է տեղակայվի ՌԴ ԶՈՒ 58-րդ ստորաբաժանումը, ինչպես նաեւ` ռուս խաղաղապահները: Ավելին` ռուսաստանյան պարբերականը բխեցրել էր, որ այս վերջնագիրը Հայաստանում կարող է իշխանական ճգնաժամի հանգեցնել: Geopolitica.ru-ն գրել էր, որ ԼՂ-ում հայկական զորքերը ռուսականով փոխելու գաղափարից սարսափած` Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի հետ խորհրդակցություններ է սկսել, եւ մատնանշել էր ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդի այցը Երեւան: Հիշեցնենք, որ հոկտեմբերի կեսին Երեւան ժամանեց ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը, ով հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հիշեցրեց, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռ գոյություն ունի», ապա ընդգծեց, որ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց են ակնկալում:

Հոկտեմբերի 20-21-ը պաշտոնական այցով Երեւան ժամանած ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` Ս.Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում, անդրադառնալով

ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին` հույս հայտնեց, որ գործընթացը այժմ գտնվում է առաջընթացի փուլում. «Ամեն դեպքում, երկու կողմերն էլ պատրաստ են փնտրել լուծումներ: Մենք, իսկապես, բավական մանրամասն այդ մասին խոսել ենք Սերժ Ազատովիչի հետ: Ես չեմ մեկնաբանի նրբերանգները, քանի որ դրանք բանակցային նյուանսներ են: Հույս ունեմ, որ ամենամոտ ապագայում կկայանա երեք նախագահների հանդիպումը, որպեսզի շարունակենք այս թեմայի քննարկումը: Հույս ունեմ, որ այդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանում: Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ այս պահին ասել»: ՌԴ նախագահը նաեւ ընդգծեց, թե օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ յուրաքանչյուր բարդ հարց պետք է լուծվի միջազգային սկզբունքների հիման վրա եւ բանակցությունների ճանապարհով:

Իսկ Ս.Սարգսյանն` անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորման թեմային, նշել էր, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Մադրիդյան սկզբունքների հիման վրա. «Թե ինչ է նշանակում Մադրիդյան սկզբունք` կարծում եմ, ձեզանից յուրաքանչյուրը ինտերնետում կարող է կարդալ այդ փաստաթուղթը: Այնտեղ գաղտնի ոչինչ չկա: Այդ սկզբունքները թույլ են տալիս ճանաչել ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ նաեւ պարունակում են մեզ համար սկզբունքային մի քանի հարցեր: Ամենակարեւորն այն է, որ մենք վստահ ենք, որ խնդիրը կարող է լուծվել փոխզիջումների հիման վրա եւ բանակցությունների ճանապարհով»: Մադրիդյան սկզբունքների` «ինտերնետում» առկայությունը վկայակոչելով, այս ընթացքում այդպես էլ որեւէ մեկին չի հաջողվել պաշտոնական Երեւանից բացահայտումներ ստանալ:

Ինչեւէ, աշնանը արդեն իսկ ակնհայտ էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող պետությունները ԼՂ խնդրի կարգավորման շուրջ սեպարատ են հանդես գալիս: Իլհամ Ալիեւին հոկտեմբերի 15-ի ընտրություններում տարած հաղթանակի առիթով` Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի հղած շնորհավորանքում մասնավորապես ասված է. «Առաջիկա ամիսներին մենք ձգտելու ենք երկկողմ բարեկամական համագործակցության խորացմանը», ապա` ԱՄՆ-ի նախագահը հույս էր հայտնել, որ առաջիկա ամիսներին կհաջողվի առաջխաղացում գրանցել` եւ էներգետիկ անվտանգության, եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցերում:

Մինչդեռ ինտենսիվորեն շարունակվում էին ՌԴ-ի «ջանքերը». հոկտեմբերի վերջին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների դռնփակ հանդիպումը, որից հետո երեք պետությունների ԱԳ նախարարներից որեւէ մեկը հայտարարությամբ հանդես չեկավ : Քիչ անց հայտնի դարձավ, որ նոյեմբերի 2-ին Մոսկվայում տեղի կունենա Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հովանու ներքո: ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան տեղեկացրեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները կանցնեն` «3+3» ձեւաչափով, եւ Մոսկվայում Ս.Սարգսյանի, Ի.Ալիեւի եւ ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւի հանդիպմանը կմասնակցեն ԵԱՀԿ ՄԽ-ի եռանախագահները:

Նոյեմբերի 2-ին ՌԴ նախագահի մերձմոսկովյան Մայնդորֆ դղյակում կայացած բանակցությունների արդյունքում` Դմիտրի Մեդվեդեւի, Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի միջեւ ստորագրվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած հռչակագիր, որում կողմերը, մասնավորապես, պատրաստակամություն հայտնելով շարունակել ԼՂ հակամարտության շուրջ խաղաղ բանակցությունները, կարգավորման հիմք ընդունեցին «Մադրիդյան սկզբունքները», վերահաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ խաղաղ բանակցությունների շարունակման կարեւորությունը եւ պարտավորվեցին համապատասխան քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ: Կողմերը նշել էին, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը պետք է ուղեկցվի` «իրավականորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքների» ընդունմամբ, պարտավորվել էին նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը եւ կայունության ու անվտանգության հաստատմանը` ԼՂ հիմնախնդրի կարգավորման քաղաքական միջոցներով, միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունած որոշումների, փաստաթղթերի հիման վրա: Հռչակագրում ամրագրվել էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են շարունակել աշխատանքը բարձր մակարդակով` խնդրի քաղաքական կարգավորման նպատակով եւ հանձնարարվել է ԱԳ նախարարներին ակտիվացնել հետագա քայլերը կարգավորման գործընթացում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների աջակցությամբ: Այսպիսով, տարածաշրջանում ազդեցությունն ընդգծելու հարցում պաշտոնական Մոսկվան կոնկրետ արդյունքներ ամրագրեց: Իսկ Մոսկովյան հռչակագրի վերաբերյալ միջազգային հանրության կողմից գովեստի խոսքերը, թերեւս, ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության շարունակականության ապահովման ու ԼՂ խնդրի մոտալուտ լուծման ակնկալիքով էին պայմանավորված:

Մոսկվայում ստորագրած հռչակագրից երկու օր անց, «Ա1+»-ին տված հարցազրույցում Լ.Տեր-Պետրոսյանը դարձյալ հանդես եկավ նոր մտահոգություններով: Նախ` Մոսկովյան հռչակագրի այն դրույթի առիթով, համաձայն որի` ազդարարվում է, որ ԼՂ հակամարտությունը կարգավորվելու է` «միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ինչպես նաեւ` դրանց շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա», ընդդիմության առաջնորդը փաստեց. «Մտահոգիչը ոչ այնքան «միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին» վերաբերող դիվանագիտական նրբասացությունն է, որքան «դրանց շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի» հիշատակումը»: Լ.Տեր-Պետրոսյանը շեշտեց նաեւ, որ սահմանվում է հակամարտության կողմերի նոր ձեւաչափ. «Հռչակագիրն, այսպիսով, վերջնականապես թաղում է ԵԱՀԿ-ի 1994թ. Բուդապեշտյան գագաթնաժողովի ընդունած որոշումը, որով ԼՂՀ-ն ճանաչվել էր որպես հակամարտության երրորդ լիիրավ կողմ: Եվ վերջապես, Մոսկովյան հռչակագրի որպես «ամենակարեւոր արդյունք»` ՀՀ առաջին նախագահը փաստել էր, որ «նոր ձեւաչափով սահմանված հակամարտող երկու կողմերը՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, ստորագրելով այդ փաստաթուղթը, պաշտոնապես իրենց համաձայնությունն են տվել Մադրիդյան առաջարկին», եւ դա Լ.Տեր-Պետրոսյանը համարել էր աննախադեպ իրադարձություն ղարաբաղյան կարգավորման ողջ գործընթացում. «Մոսկովյան հռչակագրի տակ դրված Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ստորագրությամբ, այսպիսով, ազդարարված է Ղարաբաղյան կարգավորման ավարտական փուլի սկիզբը»:

Նոյեմբերի սկզբին Վիեննայում տեղի ունեցավ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի եւ Մեթյու Բրայզայի հանդիպումը: Մեթյու Բրայզան այս հանդիպման ավարտին հանդես եկավ բավական ուշագրավ հայտարարություններով. «Այս հռչակագրով նախագահները պարտավորվում են հասնել հարցի քաղաքական լուծմանը` հենվելով միջազգային իրավունքի նորմերի եւ միջազգային փաստաթղթերի վրա»: Ամերիկացի համանախագահը պարզաբանել էր, որ Մոսկովյան հռչակագրով Մադրիդյան սկզբունքների շուրջ մոտ մեկ տարի շարունակված բանավեճը կարելի է ավարտված համարել. «Մենք այս հռչակագիրը մեկնաբանում ենք հետեւյալ կերպ, այսպիսով` Մադրիդյան սկզբունքների ուժի մեջ լինել-չլինելու հարցը օրակարգից դուրս է գալիս: Այս հարցի լուծմանն ուղղված բոլոր համատեղ ջանքերը այսուհետեւ հիմնված են լինելու հենց այս սկզբունքների վրա»: Մ.Բրայզան Վիեննայում նաեւ վստահեցրել էր, որ կողմերը առաջնորդվելու են Մոսկովյան հռչակագրի սկզբունքներով. «Երեւանում, Բաքվում եւ ԼՂ-ում մենք հստակ ուղերձ ենք ստացել մեր զրուցակիցներից, նրանք մեզ ասացին, որ հնարավորությունների պատուհանը կրկին առկա է, եւ դա հնարավորություն կտա հասնել զգալի առաջընթացի կարգավորման հիմնարար սկզբունքներին հասնելու ճանապարհին»:

Մոսկովյան հռչակագրի վերաբերյալ սեփական մոտեցումները ներկայացրեց նաեւ Ադրբեջանի ղեկավարը: Նոյեմբերի վերջին, «RAI International» իտալական հեռուստաալիքի եթերում Իլհամ Ալիեւը լրացուցիչ պարզաբանումներ տվեց Մոսկովյան հռչակագրի` Բաքվի համար հաղթական կետերի առնչությամբ: Ի.Ալիեւը նախ ամրագրեց, որ հռչակագրում չկա պարտավորվածություն, որն արգելում է Ադրբեջանին լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով: Ադրբեջանի նախագահը ուշադրություն էր հրավիրել այն փաստին, որ Մոսկովյան հռչակագրով «հստակ արձանագրված են հակամարտության կողմերը. դրանք Հայաստանն ու Ադրբեջանն են, այլ ոչ թե` Լեռնային Ղարաբաղը». «Նախեւառաջ հայաստանյան ղեկավարությունը գիտակցում է, որ հակամարտության կողմեր են հանդիսանում Հայաստանն ու Ադրբեջանը, այլ ոչ թե` Լեռնային Ղարաբաղը: Սա չափազանց կարեւոր է: Հայաստանյան իշխանությունը կամովին է ստորագրել այն փաստաթուղթը, որը հստակ մատնանշում է հակամարտության կողմերին», - ասել էր Ալիեւը: Ադրբեջանի ղեկավարը նաեւ շեշտել էր, որ հռչակագրում կարգավորումը նախատեսվում է` միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ինչպես նաեւ` դրանց շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, եւ բխեցրել էր. «Դա նշանակում է, որ կողմերը պետք է հարգեն ՄԱԿ-ի որոշումներն ու բանաձեւերը, որոնք պահանջում են Հայաստանի զինված ուժերի անհապաղ դուրսբերումը Ադրբեջանի գրավյալ տարածքներից»:

Երրորդ կարեւոր դրույթը, ըստ Ի.Ալիեւի, այն է, որ Մոսկովյան հռչակագրում կարգավորման փուլային տարբերակն է ամրագրված, քանի որ հակամարտության կարգավորման յուրաքանչյուր փուլը պետք է ուղեկցվի միջազգային երաշխիքներով. «Այս երեք տարրերը նոր են կարգավորման գործընթացում, եւ ես ուրախ եմ, որ Հայաստանի ղեկավարությունը իր մեջ համարձակություն է գտել ստորագրել Հռչակագիրը»: Բաքվի համար գլխավոր երեք դրույթները շեշտելով` նա նաեւ ընդգծել էր. «Միաժամանակ, ոչ ոք չի կարող մատնանշել Ադրբեջանի պարտավորվածությունը` ձեռնպահ մնալ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելուց: Այդ իսկ պատճառով, հույս ունենալով հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ, մենք միաժամանակ պետք է պատրաստ լինենք ցանկացած տարբերակի, եւ այստեղ ռազմական լուծումը երբեք չի բացառվում եւ չի բացառվել»:

Այսպիսով` պաշտոնական Բաքուն հակադարձեց հայաստանյան իշխանությունների այն համոզմունքին, թե Մոսկովյան հռչակագիրը ստորագրելով` Ադրբեջանը համաձայնել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Դեկտեմբերի սկզբին, Հելսինկիում` ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում, ԼՂ խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի արտգործնախարարները եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը, որով կոչ արեցին կողմերին շարունակել աշխատանքը եւ առաջիկա ամիսներին վերջնական պայմանավորվածության հանգել ԼՂ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ: Համատեղ հայտարարության մեջ կոչ արվեց կողմերին սկսել այդ սկզբունքների վրա հիմնված խաղաղության համաձայնագրի մշակումը: «Հիմնարար սկզբունքները հնարավորություն են տալիս կողմերին համաձայնության գալ` հաշվի առնելով ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականության սկզբունքը, որը մեր մեկնակետն է, եւ ուժի չկիրառումը», - պարզաբանել էր ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահը: Համատեղ հայտարարության մեջ կողմերին կոչ էր արվում նաեւ փոխադարձ վստահությունն ամրապնդող միջոցառումներ ձեռնարկել, եւ որպես այդ գործընթացի առաջին քայլ, միջնորդները մատնանշեցին հակամարտության գոտուց դիպուկահարներին հեռացնելու անհրաժեշտությունը` անմեղ մարդկանց եւ զինվորների կյանքը փրկելու համար. «Կողմերի համար հրամայական է միմյանց հետ, ինչպես նաեւ` եռանախագահների եւ ԵԱՀԿ-ի նախագահի հատուկ ներկայացուցչի հետ համատեղ աշխատանքը` այս եւ այլ միջոցներով հրադադարի կայուն ռեժիմ ապահովելու համար: Մենք վերահաստատում ենք մեր համոզվածությունը, որ այս հակամարտության համար չկա ռազմական լուծում, եւ կոչ ենք անում կողմերին վերադառնալ դրա խաղաղ կարգավորմանը», - ասված էր համատեղ հայտարարությունում:

Հելսինկիում ընդունված հայտարարությունից հետո, ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն տեղեկացրեց, որ Հելսինկիում կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը, բացի համատեղ հայտարարության ընդունումից, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող պետությունների ներկայացուցիչները` Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշները, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը կողմերին կոնկրետ ժամկետ են ներկայացրել, նրանք պահանջել են մինչեւ հաջորդ տարվա կեսը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները համաձայնեցնել: Բ.Ֆասիեն պարզաբանել էր, որ կողմերին մի ժամանակացույց է առաջարկվել` «իհարկե ոչ ճշգրիտ, սակայն այն հնարավորություն կտա ավարտին հասցնել խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը»: Ֆրանսիացի համանախագահի հավաստմամբ` կողմերին «տեխնիկական, աշխատանքային» մի փաստաթուղթ են փոխանցել, որը կարող է նպաստել կարգավորման ջանքերին եւ արագացնել հիմնարար սկզբունքների համաձայնեցումը: «Փաստաթուղթը դեռեւս պետք է մշակվի, ուսումնասիրվի, արժանանա կողմերի հավանությանը կամ մերժվի», - ընդգծել էր նա:

Հելսինկիում, Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման ավարտին, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը եւս տեղեկացրեց, թե համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները Մադրիդյան սկզբունքների առնչությամբ մի շարք ուղղումներ են ներկայացրել: Դեկտեմբերի կեսին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Երեւանում` ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի հետ համատեղ ասուլիսում, պատասխանելով «ԺԵ»-ի հարցին, թե Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ ի՞նչ լրացումներ են ներկայացվել` պատասխանեց. «Այն, որ ասվում է, թե Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ լրացումներ են արվել` չեն համապատասխանում իրականությանը, որեւէ այդպիսի բան գոյություն չունի: Երկրորդը` այս ընթացքում եւ վերջերս էլ եւ կարող է դեռ շարունակվի` քննարկվելու ընթացքում տարբեր սկզբունքների շուրջ տեխնիկական առաջարկներ էլ են արվում տարբեր այն հարցերի, այն կետերի վերաբերյալ, որոնք առկա են Մադրիդյան առաջարկներում: Այդ քննարկումների շրջանակներում է դա արվում, եւ որեւէ նոր բան, նոր փոփոխություն գոյություն չունի»:

Դեկտեմբերի 21-ին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` ելույթ ունենալով ՀԱԿ-ի առաջին համաժողովում, դարձյալ անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրին` փաստելով, որ միջազգայինից բացի, Ս.Սարգսյանն ապահովել է նաեւ ԼՂ-ի ղեկավարության անվերապահ աջակցությունը եւ գուցե ԼՂ-ի ղեկավարությունը համաձայն է հակամարտության կարգավորման Ս.Սարգսյանի պաշտպանած ծրագրին: «Դա, կարծես թե, կողմնակիորեն հաստատվում է այն իրողությամբ, որ Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչները, դժգոհելով Մոսկովյան հռչակագրի տակ իրենց ստորագրության բացակայության առթիվ, բոլորովին չեն վիճարկում այդ հռչակագրի բուն բովանդակությունը: Իսկ եթե այդպես է, ապա մենք ընդհանրապես այս հարցում անելիք չունենք, քանի որ բազմիցս հայտարարել ենք, որ համաձայն ենք ցանկացած լուծման, որին համաձայն կլինի Լեռնային Ղարաբաղը: Սա է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մեր պատկերացումը»: ՀՀ առաջին նախագահը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ` ստորագրելով Մոսկովյան հռչակագիրը` Ս.Սարգսյանը պաշտոնապես իր համաձայնությունն է տվել Մադրիդյան առաջարկին, հրաժարվելով նախորդ վարչակազմի` «սկզբունքորեն համաձայն ենք» խուսափողական պատասխանից. «Նկատի ունենալով, որ Մադրիդյան առաջարկը պաշտոնապես ընդունել է նաեւ Ադրբեջանը, նշանակում է՝ Հայաստանն այլեւս նահանջի տեղ չունի, եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացն այսուհետեւ զարգանալու է Մոսկովյան հռչակագրի գծած հունով»:

Ժամանակ Երեւան

27.12.2008

No comments:

Post a Comment