Thursday, March 26, 2009

Մենք ծայրահեղությունների՞ ժողովուրդ ենք

1988 թ. ամռանը Լեռնային Ղարաբաղի փաստացի ղեկավար Հենրիկ Պողոսյանը չկարողացավ իր շրջապատին համոզել, որ Մոսկվայի առաջարկությունը պետք է ընդունել եւ ստանալ ինքնավար հանրապետության կարգավիճակ:

1990թ. սեպտեմբերին Լեւոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ ղարաբաղցիներիս համոզել, որ հարկավոր է Ադրբեջանի տեղական եւ Գերագույն խորհրդի ընտրությունների առիթն օգտագործել՝ վերականգնելու իշխանության սահմանադրական մարմինների լիազորությունները:

1997թ. աշնանը Լեւոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ իր շրջապատին եւ ղարաբաղցիներիս համոզել, որ հարկավոր է գնալ կարգավորման:

Այսօր բոլորը խոսում են կարգավորման մասին, բայց իրականում ոչ ոք կարգավորում չի ուզում. չեն ուզում միջնորդները, չի ուզում Ադրբեջանը, չենք ուզում մենք: Եւ 1994թ. մայիսին հաստատված ստատուս-քվոն մնում է անփոփոխ, բայց, իհարկե, դա հավերժ չէ: Ստատուս-քվոն չի կարող հավերժական լինել, քանի որ աշխարհում ոչինչ հավերժական չէ. Խորհրդային Միությունը հսկա կայսրություն էր, բայց մեր աչքի առաջ փլուզվեց, Լեռնային Ղարաբաղը 1923թ. հուլիսի 7-ից Ադր. ԽՍՀ կազմում ինքնավարություն էր մինչեւ 1988թ. փետրվարի 20-ը, այսօր միջազգային ճանաչման ձգտող անկախ հանրապետություն է:

Ամբողջ խնդիրն այն է, թե ի՞նչ է լինելու վաղը, 10 կամ  50 տարի հետո:

Կազմակերպված հանրությունները, որ ապրում են պետական կյանքով, նպատակադրվում են ապագայի կտրվածքով: Մենք, այնինչ, ապրում ենք այսօրվա առաջնահերթությամբ: Բայց քաղաքական էլիտան, եթե այդպիսին կա, նրա համար չէ, որ ենթարկվի սույնրոպեական նպատակահարմարությանը: Քաղաքական էլիտան նրա համար է, որպեսզի նպատակադրվի դեպի ապագան:

Որեւէ մեկը հազիվ թե կասկածի. եթե 1994թ. ամռանն Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը ենթարկվեր Ռուսաստանի հորդորներին եւ արեւմտյան նավթային ընկերությունների հետ չկնքեր ,Դարի պայմանագիրը», համաձայներ, որ Իրանի հետ սահմանն անցներ ռուսական զորքերի վերահսկողության տակ, ապա Լեռնային Ղարաբաղի հարցը կլուծվեր այնպես, ինչպես ուզում էր Բաքուն: Ոչ ոք թող չկասկածի. եթե այսօր Իլհամ Ալիեւը համաձայնի եւ իր երկրի գազը ,եվրոպական գներով» վաճառի Ռուսաստանին, ապա Մոսկվան իսկույն կթարմացնի ,Մայենդորֆյան հռչակագիրը» եւ Հայաստանին կհորդորի խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ՝ վերջինիս լիովին բավարարող պայմաններով: Բայց, ինչպես 1994թ., այնպես էլ այսօր, Ադրբեջանը համառորեն չի ընդունում Ռուսաստանի ,եղբայրական առաջարկությունները», քանի որ առաջնորդվում է ապագայի գերակայության սկզբունքով եւ մտադիր չէ իր անկախությունը պայմանավորել հյուսիսային հարեւանի կամայականությամբ:

Այսպիսով, կարծես, ուրվապատկերվում է, որ մեզ՝ որպես պետություն կայանալու եւ սեփական քաղաքականություն ձեւավորելու համար տրված ժամանակը կարող է տեւել այնքան, քանի դեռ միջնորդները, բայց հատկապես՝ Ադրբեջանը եւ Ռուսաստանը, ընդհանուր հայտարարի չեն գա:

Այդ ժամանակը սկսվել է 1994թ. ամռանը եւ շարունակվում է: Բայց ռուս-վրացական պատերազմը ցույց տվեց, որ ստատուս-քվոն կարող է փոխվել ոչ միայն փոխադարձ համաձայնությամբ, այլեւ՝ կողմերից մեկի ցանկությամբ եւ նախաձեռնությամբ:

Եթե Վրաստանը քաղաքական կամք դրսեւորեր եւ Ռուսաստանի հետ քննարկեր ստատուս-քվոն փոխհամաձայնությամբ փոխելու հարցը, ապա, շատ հնարավոր է, այսօր Հարավային Օսիան կլիներ Վրաստանի կազմում, իսկ Աբխազիան կբաժանվեր երկու՝ վրացական եւ ռուսական մասերի: Վրաստանը փորձեց խնդիրը լուծել բացառապես իր պատկերացրած սցենարով եւ փաստացի կորցրեց իր տարածքները:

Մեր դեպքում այդօրինակ վտանգ ոչ ոք չի տեսնում: Ընդհակառակը, տպավորություն կա, որ եթե Ադրբեջանը կրկնի Վրաստանի փորձը, ապա Ռուսաստանը կճանաչի նաեւ Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բայց, հավանաբար, դա խաբուսիկ ընկալում է: Ճշմարտությանն ավելի մոտ է, որ Կոսովոյի եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելով՝ Արեւմուտքը եւ Ռուսաստանը սպառել են ,ագրեսիվության լիմիտը»: Ավելի պարզ ասած՝ նրանք հասել են դիմակայության այն սահմանագծին, որից այն կողմ գործի է դրվում ,զինաթափության տրամաբանությունը»: Միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում կողմերը միմյանց կարիքն ավելի են զգում, քան մինչ այդ եւ, բնականաբար, հետագա առճակատման չեն կարող գնալ: Նրանք, իհարկե, վերջնականապես չեն էլ հաշտվի, բայց ,մի շունչ քաշելու» ժամանակով կփորձեն հանդուրժողականության տարրեր մտցնել փոխադարձ հարաբերություններում: Եւ եթե այդ հանդուրժողականության շրջանակներում ուրվագծվի Հարավային Կովկասը, ապա նրանք ձգտելու են հարթել նաեւ ,ղարաբաղյան կնճիռը», եւ ստատուս- քվոյի անընդունելիության հարցն ավելի սուր են դնելու:

Այս իրավիճակում հնարավո՞ր է անվերջ երկարաձգել հանգուցալուծումը:

Այսօրվա ընկալմամբ դա գերխնդիր է՝ մենք վերադառնում ենք ,արդար պահանջ՝ ոչ մի նահանջ» խանդավառության ժամանակներին եւ գրեթե նույն անհանդուրժողականությամբ ենք վերաբերվում կարգավորման ներկա մեթոդաբանությանը, ինչպես 1988թ. մերժում էինք խորհրդային կառավարության մշակած՝ ԼՂ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը եւ պնդում, որ ,մեր հարցը քաղաքական է, ոչ թե՝ տնտեսական»:

Ինչ խոսք, մերժել կարելի է, բայց այն դեպքում, երբ ունես հարցի լուծման սեփական պատկերացումը: Իսկ դա չի կարող լիարժեք եւ գործունակ լինել, եթե հենվում է բացառապես տեղական ընկալումների վրա:

Ադրբեջանին, օրինակ, չի հաջողում կարգավորման իր մոդելը դարձնել միջազգային, քանի որ այն խիստ էգոիստական է, չափազանցված եւ՝ ամբիցիոզ: Ոչ մի երկիր, այդ թվում եւ՝ Թուրքիան, չէր ցանկանա, որ այս իրավիճակից Ադրբեջանը դուրս գար լիովին հաղթանակած, քանի որ այդ դեպքում դժվար կլինի զսպել նրա ամբիցիաները: Ոչ մի երկիր, այդ թվում՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, չի ձգտում, որ Լեռնային Ղարաբաղը ներկա փաստացի սահմաններում միջազգայնորեն ճանաչված անկախություն ստանա կամ միանա Հայաստանին: Եւ սա շատ բնական ու հասկանալի է. այդ դեպքում Հայաստանը կդառնա ամբիցիոզ երկիր, իսկ Ադրբեջանը՝ Ռուսաստանի թշնամի:

Ուրեմն, միջակայքը սա է. Լեռնային Ղարաբաղը պետք է իր մոտեցումն այստեղ ճշտի՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերի շրջանակներում:

Առհասարակ, Հարավային Կովկասի իրավական ստատուս-քվոն Ռուսաստանի եւ Թուրքիայի գործն է: Այս երկու երկրներն են այն ճշտել նախ 1921թ. մարտի 15-ի, ապա՝ նույն թվականի հոկտեմբերի 13-ի պայմանագրերով: Եւ, ինչպես վկայում է ռուս-թուրքական հարաբերությունների ներկա մակարդակը, Մոսկվան եւ Անկարան, կարծես, մնացածներին հասկացնում են, որ մտադիր չեն իրենց առանձնահատուկ դերակատարությունը կիսել եվրոպական կամ անդրօվկիանոսյան որեւէ երկրի կամ միջազգային կազմակերպության հետ:

Եւ այս կոնտեքստում ըմբռնելի են նաեւ հայ- թուրքական շփումներն ու երբեմն-երբեմն արվող լավատեսական կանխատեսումները: Ամեն ինչ, ի վերջո, հակված է վերադառնալ իր սկզբին: Նաեւ՝ մեր ազգային ծայրահեղապաշտությունը:

Սիմոն Վրացյանը ,Հայաստանի Հանրապետություն» գրքում վկայում է, որ 1920թ. ամռանը Մոսկվան, իր լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանի միջոցով, հորդորում էր հրաժարվել Սեւրի պայմանագրից, ինչին ,կառավարությունը վճռականապես դեմ էր»: Հայաստանի կառավարությունը ոչ միայն անկախություն, այլեւ ազատություն եւ միացյալ հայրենիք  էր ուզում, որն, իբր, տալիս էր Փարիզի խաղաղության վեհաժողովը: 1920թ. սեպտեմբերին Թուրքիան պատերազմ սկսեց հաղթող երկրների կրտսեր դաշնակից Հայաստանի դեմ, եւ ընդամենը երկու ամիս անց Քյազիմ Գարաբեքիր փաշան Վրացյանի կառավարությանը վերջնագիր ներկայացրեց Ալեքսանդրապոլից:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցություն

Անալիտիկոն

Համար 2

No comments:

Post a Comment