Thursday, March 26, 2009

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միտումնավոր ձգձգում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, կարծում է «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ, փիլիսոփայության դոկտոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: «Հայելի» ակումբում բանավեճի ժամանակ նա կարծիք է հայտնել, որ այդ քայլերն ուղղված են այն բանին, որ հայկական հանրությունը համակերպվի այն փաստի հետ, որ ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցային գործընթացին: Փորձագետն ավելացրել է, որ որպես հակամարտության կարգավորման շրջանակներ՝ ընդունելով տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը դիտավորյալ հիմնախնդրի լուծումը փակուղի է մտցնում, քանի որ այս երկու սկզբունքները լրիվ հակասում են միմյանց:

Նշենք, որ այցի ընթացքում համանախագահները բավական շատ հայտարարություններ են արել, որոնց մեծ մասը կարելի է դիվանագիտական էթիկայի դրսևորումներ համարել: Սակայն, փորձագետների կարծիքով, նրանց հնչեցրած գաղափարներից երկուսն առանձնանում են վերոնշյալ բնույթի հայտարարություններից: Դրանցից մեկը վերաբերում է բանակցությունների ձևաչափին: Տարածաշրջանում գտնվելով՝ միջնորդները մշտապես շեշտադրում էին այն, որ բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը պետք է լուծվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով: Իբր կողմ են, որ Լեռնային Ղարաբաղը մասնակցի բանակցային գործընթացին, բայց այժմ այդ հարցը պետք է լուծեն իրենք՝ նախագահները, և միայն դրանից հետո խնդիրը կլուծվի: Սակայն բանն այն է, որ բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցության կամ չմասնակցելու հարցը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների իրավասությունը չէ: Այն ամրագրված է ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերում, որոնք վերաբերում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչի մասին հիշեցրեց Մանասյանը: Դրանով իսկ պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում. համանախագահներն իրենք են, փաստորեն, խախտում Մինսկի խմբի հիմնարար սկզբունքները: Բացի այդ, եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է լուծեն բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցելու կամ չմասնակցելու հարցը, ապա տվյալ համատեքստում անհասկանալի է դառնում Մինսկի խմբի առաքելությունն ընդհանրապես: Եթե նրա դերը հանգեցվում է միայն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները կազմակերպելուն, ապա դա նույն հաջողությամբ կարող է անել նաև մեկ այլ կազմակերպություն, երկիր կամ անգամ անհատ:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթացի հարցին, ապա ստեղծված պատային իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է վերացնել առկա լուրջ խոչընդոտները: Մասնավորապես, լուրջ խոչընդոտ է այն, որ հակամարտության պատճառները հաշվի չառնող համաձայնագիրը կարող է կենսունակ չլինել: Պատճառները չվերացնելով՝ անհնար է հաղթահարել հետևանքները: Ադրբեջանը հրաժարվում է լուծել հակամարտության հիմնական հարցը՝ Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչի մեխանիզմն ու կարևորագույն երաշխիքը ԼՂՀ անկախության ճանաչումն է: Համաշխարհային հանրության կողմից ճանաչումը բավական կդյուրացնի ու կարագացնի հակամարտության հետևանքների հաղթահարումը, տարածքների ու փախստականների հիմնախնդիրների լուծումը փոխադարձ հիմքի վրա: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի հակադրումը նույնպես լրջորեն խանգարում է բանակցային գործընթացին:

Բանավեճին մասնակցող քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նշեց, որ Ղարաբաղյան հակամարտության լուծումը կախված կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև «սառը պատերազմի» ելքից: Նա պարզաբանեց, թե հակամարտությունը կլուծվի հօգուտ այն պետության, որին կհաջողվի մոտ ժամանակներս և ավելի արագ զարգացնել իր տնտեսությունն ու որպես ռազմավարական գործընկեր ավելի գրավիչ դառնալ զարգացած երկրների համար: Միևնույն ժամանակ, փորձագետը կարծում է, որ հարկ չկա Հայաստանը համեմատել Ադրբեջանի հետ, քանի որ այս երկու երկրները տարբեր հարթություններում են բնական պաշարների և աշխարհագրական դիրքի տեսանկյունից: Այնուամենայնիվ, փորձագետի կարծիքով, դժվար թե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի մոտ ժամանակներս:

ԳԵՎՈՐԳ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ազատամտություն

2009-03-21

No comments:

Post a Comment