Thursday, March 26, 2009

ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՓԱԿՈՒՂԻ

Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեն ճիշտ ժամանակին էր այն առումով, որ խորացող տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ օր օրի նվազում են Բաքվի նավթային եկամուտները և առավել քան դժվար է դառնում ադրբեջանական տնտեսական «հրաշքի» մասին առասպելի մատուցումը, Իլհամ Ալիևը որոշեց «թարգել» ժողովրդավարություն կոչվող իրեն խորթ խաղը և ամեն ինչ «գցել իր տեղը»:

Որ եվրոպացիները պիտի նվնվային, թե, փաստացի, Ալիևին ցմահ նախագահ կարգող փոփոխությունները հարիր չեն ժողովրդավարական եվրոպական չափանիշներին, բնավ չի նշանակում, թե Բաքուն շեղվել է եվրոպական արժեհամակարգից: Տեղի ունեցածը, պարզապես, կրկին ապացուցեց, որ մինչև Եվրոպան ապտակ չի ստանում, ոչ մի կերպ չի հասկանում, որ դիմացը կանգնածը տարրական խուլիգան է և քաղաքակիրթ լեզու ուղղակի չի հասկանում:

Այսուհանդերձ, Ադրբաջանի նկատմամբ պրոֆիլակտիկ-դաստիարակչական աշխատանքները սկսվել են: Ըստ որում, խոսքը բնավ չի վերաբերում զուտ քաղաքական գնահատականներին, երբ, օրինակ, Վենետիկի հանձնաժողովը խիստ բացասաբար է անդրադառնում Ադրբեջանում սահմանադրական փոփոխություններին՝ ակնարկելով, թե եվրոպական ընտանիքն իր կազմում չի հանդուրժի ժառանգական նոր միապետություն: Այս դեպքում, ավելի էական է տնտեսական բաղադրիչը, որն ինչպես դարձվել էր Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնաքարը, նույն հաջողությամբ էլ այժմ սկսում է «կծել տիրոջը» :

Նավթային անսպասելի խոշորածավալ եկամուտները, որոնք Ադրբեջանի գլխին թափվեցին «սև ոսկու» սրընթաց թանկացման հետևանքով (հիշեցնենք, որ նավթի մեկ բարելի արժեքը անցյալ ամռանը մոտեցել էր 150 դոլարի սահմանագծին) Բաքվին հույս ներշնչեցին, որ մեծացնելով տնտեսական ներուժը և, զուգահեռաբար, խաղարկելով ռուս-ուկրաինական «գազային» պատերազմի գործոնը, հնարավոր կլինի ձեռք գցել այնպիսի նոր հաղթաթուղթ, ինչպիսին կարող էր դառնալ «NABUCCO» գազատարի շինարարությունն ու դեպի Եվրոպա գազային նոր հոսքագծի ապահովման գործում Բաքվի առանցքային դերակատարումը: Հաշվարկն, առաջին հայացքից, պարզ էր ու հանճարեղ: Մի կողմից, Բաքուն ցանկանում էր օգտագործել եվրոպացիների շռայլությունը, ինչի արդյունքում 7.9 մլրդ դոլար պիտի հատկացվեր «NABUCCO»-ին, մյուս կողմից՝ կուլիսային խոսակցություններով համոզել նրանց, թե հնարավոր է միայն մեկ տարբերակ. Կենտրոնական Ասիայի գազը Ադրբեջանով և Վրաստանով անցնում է Թուրքիա, իսկ այնտեղից արդեն Արևմտյան Եվրոպա:

Առաջին ապտակը թուրք-ադրբեջանական զույգը ստացավ նույն Կենտրոնական Ասիայից, երբ այդ տարածաշրջանի երկրների ղեկավարները մեկը մյուսի հետևից հայտարարեցին, թե առանձնապես հակված չեն միանալ մի նախագծի, որի նպատակը Ռուսաստանին շրջանցելն է: Երկրորդ հարվածը ռուսական «Գազպրոմի» հայտարարությունն էր, որը, բովանդակային առումով, նշանակում էր, թե ընկերությունը չի պատրաստվում մասնակցել մետաղի թանկարժեք թափոնի շինարարությանը: Իսկ վերջին և որոշիչ հարվածը հասցվեց արդեն Եվրոպայից, երբ Բրյուսելում որոշվեց «NABUCCO»-ն հանել առաջնահերթ ծրագրերի ցուցակից:

Հասկանալի է, որ գրեթե զուգահեռ ընթացք ստացած այս իրադարձությունները պաշտոնական Բաքվին ոչ միայն պիտի գցեին խորը «մանդրաժի» մեջ, այլև ալիևյան կամ, ինչպես այն կոչում են Ադրբեջանում, «նախիջևանյան» կլանին պիտի ստիպեր դիմել հապճեպ քայլերի՝ իշխանությունը չկորցնելու ուղղությամբ: Եվ հենց այդ իմաստով հանրաքվեի ժամանակի ընտրությունը պատահական չէ. երկիրը «սկում» է, բայց դեռ խորտակված չէ, լրատվամիջոցները ամբողջովին ենթարկվում են կենտրոնական իշխանություններին, իսկ ուժային կառույցները դեռևս ինքնուրույնության նշաններ ցույց չեն տալիս: Հետևաբար, ենթադրելի էր, որ Ալիևը պիտի օգտագործի ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր ռեսուրսները՝ սեփական իշխանությունը ապագայում ևս լեգիտիմացնելու նպատակով:

Զուտ ներքաղաքական լուծումների առումով Ադրբեջանում կայացած հանրաքվեն և դրա արդյունքը, թերևս, ոչ միայն ընկալելի է, այլև հասկանալի՝ զուտ մարդկայնորեն: Սակայն, միաժամանակ, պարզ է, որ Իլհամ Ալիևը, սեփական իշխանությունը պահելու համար զոհեց երկրի արտաքին քաղաքականությունը՝ ըստ երևույթին, հույսը դնելով Արևմուտքի համար սովորական դարձած երկդիմի քաղաքականության վրա: Սա հենց այն սխալն էր, ինչի հետևանքները ոչ միայն արդեն իսկ զգացվում են, այլև առավել ցայտուն կդառնան հետագայում: Երբ ցմահ նախագահ կարգված Ալիևը կփորձի եվրոպացիներին կամ Վաշինգտոնին համոզել, որ, ասենք, ղարաբաղյան հակամարտության ադրբեջանանպաստ կարգավորման դեպքում ԼՂ-ի ժողովուրդը կլինի երջանիկ, ինչպես երբեք, ապա բավական կլինի մատնացույց անել այն հանգամանքը, որ կայացած ժողովրդավարության կրող ԼՂՀ-ն ընդհանուր ոչինչ չունի օրինականացված միապետության կրող և, ըստ էության, բացառապես ասիական (բառի վատ իմաստով) չափորոշիչների կրող Ադրբեջանի հետ: Դա քաղաքակրթական «նոնսենս» է:

ՌՈՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ազատամտություն

2009-03-21

No comments:

Post a Comment