Thursday, March 26, 2009

Գործարար մշակույթ. «Ղ-Տելեկոմը» շարունակում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիրը Ղարաբաղում

«Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերությունը պայմանագիր է կնքել Ղարաբաղի կառավարության հետ առողջապահության ոլորտին 600 միլիոն դրամ (մոտ 1,3 միլիոն դոլար) հատկացնելու մասին`ընկերության Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ծրագրի շրջանակներում

«Ղ-Տելեկոմը», որը հիմնվել է Ղարաբաղում 2002 թվականին, հայաստանյան իր դուստր ձեռնարկության` «ՎիվաՍելի» նմանությամբ, այստեղ ևս ներդրել է ԿՍՊ ծրագիրը: Հաղորդակցության ոլորտի հսկան կառուցել է խաղահրապարակներ, հովանավորել է բազմաթիվ մշակութային միջոցառումներ, աշխատանքով է ապահովել հաշմանդամներին:
«Ղարաբաղ-Տելեկոմի» գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասում է, որ դա բոլորովին էլ բարեգործություն չէ, որ ընկերությունը պարզապես բնակչությանն է վերադարձնում իր շահույթի մի մասը:
2008 թ. ընկերությունը 500 միլիոն դրամ է տրամադրել Ստեփանակերտի ծննդատանը` սարքավորումներ գնելու համար: Այս տարի հատկացված գումարները կօգտագործվեն Քաշաթաղում (նախկին Լաչին) հիվանդանոցի նոր մասնաշենք կառուցելու և Մարտակերտի հիվանդանոցի շինարարությունը շարունակելու նպատակով:
Փետրվարին Ղարաբաղի տնտեսական մրցակցության կարգավորման հանրային հանձնաժողովն ընդունեց մի շարք որոշումներ: Դրանց համաձայն` իջեցվեց «Սիմ-քարտի» սակագինը. մարտի 1-ից քարտը միացնելու համար նախկին 8000 դրամի (մոտ 22 դոլար) փոխարեն ղարաբաղցիները վճարում են 2000 դրամ (մոտ 5,4 դոլար): Մարտի 1-ից րոպեի սակագինը 44 դրամից իջավ 40 դրամի: Եվ մարտի 1-ից «Ղ-Տելեկոմի» քարտերը գործում են նաև Հայաստանի տարածքում:

Ղարաբաղում բջջային ծառայության գները համեմատաբար բարձր են, սակայն ընկերության բարեգործական գործունեությունը փոխհատուցում է դա քաղաքացիների աչքում:
«Կապն այստեղ շատ թանկ է: Մխիթարում է միայն այն, որ «Ղարաբաղ-Տելեկոմը» հսկայական բարեգործական ծրագրեր է իրականացնում: Արդյունքներն ակնհայտ են` խաղահրապարակներ երեխաների համար, թանկարժեք բժշկական սարքավորումներ, ջրատարներ, դպրոցներ: Ես պատրաստ եմ ավելի շատ վճարելու հեռախոսի համար, միայն թե այդ փողերն օգտագործվեն հօգուտ հանրության շահի»,- ասում է 52-ամյա Սերգեյ Սարգսյանը:
«Ղարաբաղ-Տելեկոմի» միջոցներով 12 խաղահրապարակ է կառուցվել Ղարաբաղի 5 քաղաքներում` Ստեփանակերտում, Շուշիում, Մարտունիում, Մարտակերտում և Հադրութում: Հադրութի շրջանի համար ընկերությունը նաև ձեռք է բերել շտապօգնության, ջրատար և աղբահավաք մեքենաներ: Աղբահավաք մեքենաներ են նվիրել նաև Մարտունու շրջանին, շտապօգնության մեքենաներ` Ասկերանի և Քաշաթաղի շրջաններին, երկու ավտոբուս` Քարվաճառի շրջանին: Շուշիի շրջանին տրվել է ֆինանսական աջակցություն, իսկ Լեռնային Ղարաբաղի փրկարար ծառայությունը ստացել է շտապօգնության մեքենա:
Բարեգործության հենց այս սկզբունքով են առաջնորդվել ժամանակին Շուշիում ապրող մեծահարուստները` կառուցելով թատրոններ, հիվանդանոցներ ու ջրատարներ: 1896-ին վաճառականներից մեկի նվիրատվությամբ է կառուցվել Շուշին խմելու ջրով ապահոված 18 կիլոմետրանոց ջրատարը: Ճիշտ այդպես էլ 1891-ին կառուցվել է հիվանդանոց, որն այսօր շարունակում են անվանել Ժամհարյանի` հովանավորի անունով:
Խորհրդային տարիներին մոռացության մատնվեց հանրային բարեգործության ավանդույթը, քանի որ ամեն ինչ ապահովում էր, ինչպես և ակնկալվում էր, պետությունը: «Ղ-Տելեկոմն» ակտիվորեն փորձում է վերականգնել հին ավանդույթը: Այն միակ ընկերությունն է, որ Ղարաբաղում ծրագրեր է իրականացնում «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության» նախագծի շրջանակներում:
2008 թ. Ղարաբաղում իրականացվել է 64 բարեգործական ծրագիր` 4 միլիարդ դրամ (10 միլիոն դոլար) ընդհանուր գումարով: Միջոցները տրամադրել են հիմնականում արտասահմանցի բարերարները, տեղացիների մասնաբաժինը շատ փոքր է եղել: Ուշագրավ է, որ 2009-ին «Ղարաբաղ-Տելեկոմը» կարող է դառնալ առաջինը Ղարաբաղի հարկատուների ցուցակում (տարիներ շարունակ առաջինը Դրմբոնի պղնձահարստացուցիչ կոմբինատն էր, սակայն տնտեսական ճգնաժամի պատճառով այն կտրուկ նվազեցրել է արդյունահանումը): Անցյալ տարի «Ղ-Տելեկոմը» մոտ 2 միլիոն դոլար հարկ է վճարել` զիջելով Դրմբոնի կոմբինատին` 7,2 միլիոն դոլար:
Ընդհանուր առմամբ, Ղարաբաղի պետական բյուջեն հստակ սոցիալական ուղղվածություն ունի: Ըստ սոցապահովության նախարար Նարինե Ազատյանի` պետբյուջեում գերակայում են հատկացումները սոցիալական ոլորտին, որոնք կազմում են ընդհանուր ծախսերի 51,9 տոկոսը (2008-ին` 47,9 տոկոս): Միայն սոցիալական ապահովությանը հատկացված միջոցները կազմում են 15,9 միլիարդ դրամ (43 միլիոն դոլար) կամ ընդհանուր ծախսերի 27,2 տոկոսը (2008-ին` 25,9 տոկոս): 2008-ի համեմատությամբ` սոցիալական ոլորտի ծախսերն աճել են 2,4 միլիարդ դրամով (6,9 միլիոն դոլար) կամ 17,4 տոկոսով, իսկ պետբյուջեի ընդհանուր ծախսերը` 11,5 տոկոսով:

Նաիրա Հայրումյան 

«ԱրմենիաՆաուի» Ղարաբաղի թղթակից
2009-03-20

No comments:

Post a Comment