Thursday, March 26, 2009

Ղարաբաղի բնակչությունը կավելանա՞

Արցախի բազում հիմնախնդիրներից թերեւս ամենակարեւորը ժողովրդագրական վիճակն է։ Չնայած նախորդ իշխանությունների պոպուլիստական խոստումներին՝ Արցախի բնակչությունը կրկնապատկելու մասին, բացարձակապես ոչինչ չարվեց, ոչ մի ծրագիր չմշակվեց ու չիրականացվեց, որպեսզի բնակչության թիվը թեկուզ նվազագույն բնական աճի սահմաններում ավելացվի։

Վերաբնակեցման ուղղությամբ իրականացվեց այնպիսի քաղաքականություն, որ բազմաթիվ ընտանիքներ բռնեցին հետդարձի կամ պարզապես օտար երկրների ճամփան։ Աշխատատեղերի բացակայության, պետության կողմից քամահրական վերաբերմունքի պատճառով Արցախյան պատերազմի բազմաթիվ մասնակիցներ ու երիտասարդներ լքեցին Արցախը՝ հաստատվելով Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասերում եւ ռուսաստանյան այլ մարզերում ու Մոսկվայում։ Այսօր կարծես թե միտում կա շտկելու նախկին իշխանության սխալները ժողովրդագրական քաղաքականության մեջ։ Վերջերս կազմակերպված "Մեծ հարսանիքը"՝ թեկուզ բարեգործ Լեւոն Հայրապետյանի եւ նրա ընկերների շնորհիվ ու միջոցներով, դրա վկայությունն է։ Երիտասարդ ընտանիքներին եւ երրորդ, չորրորդ ու հետագա երեխաների ծննդի դեպքում պետության կողմից նյութական օժանդակությունն այսօր կարծես թե զգալի խթանիչ դեր է կատարում։

Օրերս վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ժողովրդագրական քաղաքականության մշակման եւ իրագործման մշտապես գործող բարձրագույն խորհրդի անդրանիկ նիստը, որտեղ նա, խոսելով Արցախի ժողովրդագրական իրավիճակի բարելավման հրատապության մասին, փաստել է, որ արդեն իսկ մի շարք կարեւոր դրույթներ կյանքի են կոչվում։ Սակայն իրականացվող պետական ծրագրերը դեռեւս բավարար չեն արմատական շրջադարձ ապահովելու համար։ Վարչապետը նշել է, որ Արցախը շարունակում է մնալ բնակչության նոսր խտություն ունեցող երկիր, մինչդեռ մեր երկրամասը կենսագործունեության համար բավական բարենպաստ է։

Նա առանձնակի կարեւորել է հանրապետությունում միգրացիոն գործընթացը կարգավորելու խնդիրը` նշելով, որ պետք է ճիշտ օգտագործել գյուղական վայրերում առկա ազատ բնակֆոնդը եւ վերաբնակեցում իրականացնել Արցախի գյուղերում։ Այդ նպատակով այժմ գույքագրվում է հանրապետության ողջ ազատ բնակֆոնդը, որը համապատասխան լուծումներով կծառայեցվի կարիքավորներին։

Հիշեցնենք, որ, 2008թ. տվյալներով, Արցախում ապրում է ավելի քան 140 հազար մարդ։ Սակայն պետական ծրագրերը նպատակաուղղված չեն միայն մեծաքանակ բնակչություն ունենալու հեռանկարին, պետությունը միաժամանակ հետամուտ է առողջ ու զարգացած սերնդի գոյությանը, ինչի համար, սոցիալականին զուգահեռ, պետք է իրագործվեն նաեւ կրթագիտական համալիր միջոցառումներ։ Այդ մոտեցումները տեղ են գտել ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի նախագծում, որը պատրաստել է միջգերատեսչական աշխատանքային խումբը։ Վարչապետը խորհրդի անդամներին հանձնարարել է հանգամանորեն ուսումնասիրել հայեցակարգի նախագիծը եւ աշխատանքային խմբին փոխանցել իրենց դիտողություններն ու առաջարկությունները, որոնք հաշվի կառնվեն փաստաթուղթը վերջնական տեսքի բերելիս։

Գեւորգ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հրապարակ

2009-03-21

No comments:

Post a Comment