Wednesday, March 4, 2009

Առաջիկա ամիսներին Սարգսյան-Ալիեւ նոր հանդիպում կկազմակերպվի

Երեկ Երեւանում՝ Ֆրանսիայի դեսպանատանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպեցին հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

ԼՂ-ում եւ Հայաստանում կայացած բանակցությունների ավարտին նրանք երեւանյան մամուլի ասուլիսից անմիջապես հետո` «դրական լիցքերով», կրկին մեկնեցին Բաքու, որտեղից էլ այս տարածաշրջանային այցը մեկնարկել էր:

Կայացած բոլոր հանդիպումները ԵԱՀԿ ՄԽ-ում ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն` հագեցած, առարկայական, բովանդակալից որակեց, ազդարարեց, որ «բանակցային գործընթացը շարունակվում է», ապա հույս հայտնեց, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը առաջիկա ամիսներին կհանդիպեն: Համանախագահները նման հանդիպման անցկացման ժամկետների տարբերակներ ներկայացնելու են Ս.Սարգսյանին ու Ի.Ալիեւին:

Մեթյու Բրայզան փաստեց, որ Ստեփանակերտում ուշադրությամբ լսել են թե կառավարության ներկայացուցիչների, թե հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների տեսակետները, որոնք խիստ կարեւորում են եւ հարգում: Վերջերս հրապարարկված ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում ԼՂ-ի առնչությամբ ձեւակերպումների առիթով հարց ուղղեցին, թե արդյո՞ք դա Միացյալ Նահանգների պաշտոնական տեսակետն է: Նկատենք, որ Պետդեպարտամենտի հրապարակած զեկույցում նշված է. «Հայ անջատողականները` Հայաստանի աջակցությամբ շարունակում են իրենց վերահսկողության տակ պահել Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի մեծ մասը եւ հարակից ադրբեջանական յոթ շրջանները»: Մ.Բրայզան նկատեց, որ անշուշտ դա ԱՄՆ-ի պաշտոնական տեսակետն է, ապա նաեւ ընդգծեց. «Մինսկի խմբում չկա մեկ այլ երկիր, որը այլ դիրքորոշում ունի այդ հարցի վերաբերյալ»: Իսկ մեկ ուրիշ լրագրողի ակնարկին, թե Պետդեպի զեկույցում Հայաստանի առնչությամբ հատվածում` «occupied» բառ է գործածված, Մ.Բրայզան կոչ արեց հարց ուղղելուց առաջ ուշադրությամբ ընթերցել զեկույցը, որտեղ ադրբեջանական տարածքների վերաբերյալ` Հայաստանի կողմից «occupied» բառ հնարավոր չէ գտնել:

Ամերիկացի համանախագահը նաեւ շեշտեց, որ հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ, երբ այն բոլոր կողմերի համար ընդունելի լինի եւ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքների վրա: Խոսելով փախստականների վերադարձի խնդրի մասին` Մ.Բրայզան նշեց. «ԼՂ վերաբերյալ բոլոր քննարկումներում փախստականների վերադարձը կարեւոր հարց է: Ստեփանակերտում մենք հանդիպել ենք փախստականներին ներկայացնող խմբերին: Անկախ նրանից, թե փախստականները ինչ ազգության են, նրանք ունեն կարիքներ եւ իրավունքներ, եւ այդ հարցը պետք է դիտարկվի»:

«Ժամանակ»-ի հարցին, թե` ինչպե՞ս են գնահատում պաշտոնական Անկարայից հնչող, երբեմն միջնորդի հայտարարություններ հիշեցնող գնահատականները, ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիացի համանախագահ Բ.Ֆասիեն նախ նկատեց, որ հարցը տարողունակ է, այնուհետեւ հիշեցրեց, որ Թուրքիան եւս հանդիսանում է ԵԱՀԿ անդամ պետություն. «Թուրքիան մշտապես շատ ակտիվորեն աջակցել է եւ մինչեւ հիմա էլ աջակցում է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների ջանքերին: Մի քանի օրից մենք կլինենք Վիեննայում, որպեսզի զեկուցենք ԵԱՀԿ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչներին, որոնց թվում է նաեւ Թուրքիան: Բայց Թուրքիան միջնորդ չէ, միջնորդները` ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան են»: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան մեր վերոնշյալ հարցի առիթով նախ կարեւորեց Հարավային Կովկասում Թուրքիայի դերը, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող շփումները, ապա հավաստիացրեց. «Ես համոզված եմ, որ Թուրքիայի առաջնորդները տեղյակ են, որ անհրաժեշտ է այս բոլոր գործընթացները կոորդինացնել, որպեսզի դրանք հաջողությամբ պսակվեն»:

 

Բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ համանախագահները ներկայացրին իրենց հայտնի գնահատականը` վաղ թե ուշ Ղարաբաղի բոլոր համայնքները պետք է ներգրավվեն բանակցություններում, առայժմ հանդիպումներ են ունենում Ստեփանակերտում, սակայն այդ հարցը իրենցից չէ կախված: Լրագրողներից մեկի հարցին` թե ումի՞ց է կախված այդ հարցը, ԵԱՀԿ ՄԽ-ում ֆրանսիացի համանախագահը բավական բորբոքվեց` նկատելով, թե այդ հարցին ամեն անգամ պատասխան է տրվում, եւ լրագրողները հստակ գիտեն, թե ինչու էր նախկինում Ղարաբաղը մասնակցում բանակցություններին եւ ինչպես ստացվեց, որ հետագայում ԼՂ-ն այլեւս չմասնակցեց, եւ որ դա բնավ էլ համանախագահների որոշումը չէր: Այս հարցին բավական ուշագրավ անդրադարձ կատարեց ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը. «Ես ցանկանում եմ պարզաբանել, որ այն ժամանակ բանակցությունների այլ ձեւաչափ էր գործում, դրանք Մինսկի խմբի շրջանակներում էին, համանախագահող պետությունները այսօրվանը չէին: Բանակցությունները այլ կերպ էին ընթանում, մի մոռացեք, որ հանդիպումներ բարձր մակարդակով չէին անցկացվում: Այն բանից հետո, երբ հանդիպումները սկսեցին այժմյան մակարդակով ընթանալ, մենք ինքներս էլ նկատեցինք, որ գործընթացը ավելի շատ ազդակներ է ստանում, քան երբ Լեռնային Ղարաբաղն էր արտահայտում իր դիրքորոշումը Մինսկի խմբի շրջանակներում: Դա որեւէ արդյունք չէր տալիս: Իսկ ընդհանրապես` բանակցություններում Ղարաբաղի մասնակցության հարցը պետք է այլ մակարդակում որոշվի, ասենք` նախագահների համաձայնությունը պետք է լինի այս առիթով, հակառակ դեպքում, մենք մեր մակարդակով ոչինչ չենք կարող որոշել»:

Ժամանակ Երեւան

Էմմա Գաբրիելյան

04.03.2009

No comments:

Post a Comment