Wednesday, March 4, 2009

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԷ

Այս կարծիքին են համանախագահները

   Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ֆրանսիայի դեսպանատանը հանդիպեցին լրագրողների հետ

   Տարածաշրջանային հերթական այցի արդյունքները «տանտիրոջ» իրավունքով ամփոփեց ԲԵՌՆԱՐ ՖԱՍԻԵՆ՝ մատնանշելով, որ առաքելության ծրագիրն առավել քան երբեւէ հագեցած էր, նույնիսկ առանձնահատուկ. «Անցյալ ուրբաթ ժամանեցինք Բաքու եւ հանդիպեցինք արտգործնախարար Մամեդյարովի եւ նախագահ Ալիեւի հետ։ Նույն օրը երեկոյան ժամանելով Երեւան՝ հաջորդ օրը մեկնեցինք Ստեփանակերտ, որտեղ տեւական հանդիպում ունեցանք Բակո Սահակյանի ու իր թիմի հետ, հետո առանձնազրույց նրա հետ։ Կիրակի հանդիպեցինք շուրջ 20 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ մտավորականներ, բժիշկներ, փախստականների հարցերով զբաղվող եւ այլ կազմակերպություններում ներգրավված տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հետ։

   Երեկ Երեւանում մի քանի անգամ հանդիպեցինք արտգործնախարար Նալբանդյանի հետ եւ երկարատեւ հանդիպում ունեցանք նախագահ Սարգսյանի հետ։ Մեր բոլոր հանդիպումները հագեցած էին, կառուցողական եւ առարկայական։ Բանակցային գործընթացը շարունակվում է։ Հույս ունենք, որ մոտակա ամիսներին երկու երկրների նախագահները նորից կհանդիպեն»։

   Այս «դրական զգացողությամբ» էլ համանախագահները ասուլիսից անմիջապես հետո վերադառնում են Բաքու՝ եւս մեկ անգամ հանդիպելու Մամեդյարովի եւ Ալիեւի հետ, համաձայնեցնելու նախագահների մակարդակով հաջորդ հանդիպման ամսաթիվը։

   Ստեփանակերտյան հանդիպումների մասին խոսեց ամերիկացի համանախագահ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ՝ ասելով. «Մենք ուշադրությամբ լսեցինք բոլորի տեսակետները՝ ե՛ւ ղեկավարության, ե՛ւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, եւ շատ, շատ հարգանքով ենք վերաբերվում այդ տեսակետներին։ Կարելի է ասել, որ այդպիսով վաղուց արդեն ներգրավել ենք նրանց գործընթացում»։

   Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ Պետդեպարտամենտի զեկույցում ամրագրած է, որ հայ «անջատողականները Հայաստանի աջակցությամբ շարունակում են վերահսկել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի մեծ մասը եւ հարակից ադրբեջանական 7 շրջանները»։ Այս ձեւակերպումը հարի՞ր է միջնորդ երկրին, եւ արդյո՞ք սա նաեւ համանախագահների դիրքորոշումն է։

   «Կարող եմ վստահությամբ ասել, որ Մինսկի խմբում չկա որեւէ երկիր, որը այլ դիրքորոշում ունենա այդ հարցի վերաբերյալ։ Միաժամանակ պիտի արձանագրեմ, որ մարդու իրավունքների մասին զեկույցը հայտարարություն չէ Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ մեր քաղաքականության կամ մոտեցումների առնչությամբ։ Մեր մոտեցումը հստակ է՝ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար եւ հաշվի առնի Հելսինկյան ակտի բոլոր երեք սկզբունքները՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք»,- պատասխանեց Մեթյու Բրայզան։

   Կարծիք կա, թե Հայաստանի վերաբերյալ քննադատական զեկույցներ տիրաժավորելով՝ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում ռազմական գործողությունների վերսկսման համար։ Եթե իրադարձություններն այդ հունով զարգանան, եւ Ադրբեջանը նորից տարածքներ կորցնի, Հայաստանը դարձյա՞լ մեղադրվելու է հարեւան երկիրը «օկուպացնելու» մեջ, ինչպես ակնարկում է Պետդեպարտամենտը իր զեկույցում։ Մեր հարցին ի պատասխան՝ Յուրի Մերզլյակովը ժպտաց, Բեռնար Ֆասիեն ձեւացրեց, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, կարծես առաջին անգամ էր լսում ադրբեջանական կողմի ռազմատենչ նկրտումների մասին, իսկ ամերիկացի համանախագահը նույնիսկ սրտնեղեց.

   «Մեր այստեղ գտնվելու նպատակն է՝ ամեն ինչ անել, որ այդ հարցը, որ դուք ենթադրաբար տալիս եք՝ նմանատիպ զարգացումներ չլինեն։ Այստեղ ինձ շատերն են հարցնում՝ ինչու զեկույցում օգտագործել ենք «օկուպացված» բառը։ Զեկույցում այդպիսի բառ չկա. խնդրում եմ՝ կարդացեք, հետո մեղադրանքներ ներկայացրեք։ Մենք երբեք չենք կարող հասնել կարգավորման, եթե որոշ մարդիկ փորձեն վրդովմունք կամ զայրույթ առաջացնել, նշել բաներ, որ չեն ասվել իմ կառավարության եւ կոնկրետ իմ կողմից»։

   Ֆրանսիացի համանախագահն էլ ավելացրեց. «Մեր կառավարությունների անունից ուզում ենք եւս մեկ անգամ արձանագրել. մեր երկրները, յուրաքանչյուրը առանձին եւ բոլորը միասին, համոզված ենք, որ հնարավոր չէ ռազմական ճանապարհով լուծել այս խնդիրը՝ պատերազմը կարգավորման տարբերակ չէ»։

   Ի՞նչն է խանգարում, որ Ղարաբաղը որպես լիարժեք կողմ մասնակցի բանակցություններին։ «Մենք բազմիցս ասել ենք, որ Ղարաբաղի բոլոր համայնքները վաղ թե ուշ պետք է ներգրավվեն բանակցային գործընթացում, եւ ինչքան շուտ, այնքան լավ։ Իհարկե, ցանկալի է, որ նրանք անմիջականորեն ներգրավված լինեն բանակցային գործընթացում, եւ հույս ունենք, որ մի օր այդպես էլ կլինի։ Ե՞րբ՝ չեմ կարող ասել, դա կախված չէ միջնորդներից»,- ավանդական այս հարցին ի պատասխան՝ ասաց Բ.Ֆասիեն, Ղարաբաղի մասնակցության խնդիրն իջեցնելով «համայնքային» մակարդակի։

   Հարցին միջամտեց ՅՈՒՐԻ ՄԵՐԶԼՅԱԿՈՎԸ, հստակեցնելով. «Այն ժամանակ բանակցություններն ընթանում էին այլ ձեւաչափով՝ Մինսկի խմբի շրջանակում։ Մինչեւ 97թ. չկար համանախագահությունը այս կազմով, եւ չկային բարձր մակարդակով հանդիպումներ։ Երբ ձեւաչափը փոխվեց, զգացինք, որ գործընթացն այդ հանդիպումներից ավելի շատ ազդակներ է ստանում, քան եթե Լեռնային Ղարաբաղը ներկայացներ իր դիրքորոշումը Մինսկի խմբի շրջանակում. արդյունավետության առումով դա քիչ բան էր տալիս։

   Իսկ եթե նկատի ունեք՝ Ղարաբաղը, որպես հակամարտության կողմ, երբ կդառնա բանակցային գործընթացի մասնակից, այդ խնդիրը պետք է լուծվի այլ մակարդակով։ Օրինակ, պետք է լինի նախագահների համաձայնությունը, հակառակ դեպքում մենք ոչինչ չենք կարող անել»։

 ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Հայոց աշխարհ

04.03.2009

No comments:

Post a Comment