Wednesday, March 4, 2009

տարաձայնություններ կան

Տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հանդիպել են Սերժ Սարգսյանին եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, համանախագահները Սերժ Սարգսյանին տեղեկացրել են Բաքվում եւ Ստեփանակերտում կայացած բանակցությունների արդյունքների մասին: Դեռ շաբաթ օրը երեկոյան համանախագահները Ստեփանակերտում հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:  Ի դեպ, ԼՂՀ-ում կայացած հանդիպման կապակցությամբ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը նախօրեին հանդես է եկել մի շարք բավականին ուշագրավ հայտարարություններով: «Հանդիպման ընթացքում համանախագահները փորձել են Սահակյանին տեղեկացնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ Ցյուրիխում կայացած հանդիպման մասին, մասնավորապես այն, թե դրա ընթացքում հակամարտության կարգավորման ինչ հնարավորություններ են նկատվել»,- Բակո Սահակյանի հետ հանդիպման մասին ասել է Մերզլյակովը եւ ավելացրել, որ ԼՂ նախագահից բավականին շատ հետաքրքիր ինֆորմացիա է ստացվել, կոնկրետ հարցեր են հնչել` կոնկրետ նախագծերի հետ կապված: Այս ամենից, ինչպես նաեւ այն հանգամանքից, որ համանախագահների հետ հանդիպումից հետո Բակո Սահակյանը կիրակի օրը շտապ ժամանել է Երեւան եւ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, կարելի է եզրակացնել, որ Սարգսյան-Ալիեւ ցյուրիխյան հանդիպման մանրամասներից ԼՂ ղեկավարությունը մինչ համանախագահների հետ հանդիպումը տեղյակ չի եղելԿարելի է ենթադրել, որ համանախագահների հետ հանդիպումից Սահակյանը անակնկալի է եկել, եւ չի բացառվում` հայտնել է ԼՂ ղեկավարության դիրքորոշումը, որը, ըստ էության, տարբերվում է պաշտոնական Երեւանի դիրքորոշումից: Այդ են վկայում թեկուզեւ Մերզլյակովի խոսքերը, թե` «ԼՂ նախագահից բավականին շատ հետաքրքիր ինֆորմացիա է ստացվել, կոնկրետ հարցեր են հնչել` կոնկրետ նախագծերի հետ կապված»: Ուստի, չի բացառվում նաեւ, որ Սահակյանը շտապել է Երեւան` Սերժ Սարգսյանից անձամբ պարզելու, թե ինչ է իրականում տեղի ունենում: Նշենք, որ Բաքվից Երեւան ժամանելուց առաջ համանախագահները հայտարարել էին, թե «այցը տեղի է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` Ցյուրիխում հունվարի 28-ի խնդրանքի հիման վրա եւ նպատակ ունի նոր տեսանկյունից քննարկել մի շարք չհամաձայնեցված հարցեր, որոնք վերաբերում են հիմնարար սկզբունքներին: Այժմ մենք պետք է ծանոթանանք կողմերի այն տեսակետներին, որոնք վերաբերում են դեռ մնացած անհամաձայնություններին, ծայրահեղ դեպքում` դրանցից ամենակարեւորներին, որպեսզի փորձենք ի մի բերել դրանք եւ կրկին առաջարկել կողմերին»: Այսինքն` համանախագահները ցյուրիխյան հանդիպումից հետո փորձում են ճշգրտել սկզբունքային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները եւ դրանց հիման վրա հանդես գալ նոր առաջարկներովՀՀ ղեկավարության դիրքորոշումը պարզելուց հետո` նրանք այսօր կրկին մեկնելու են Բաքու` Ադրբեջանի ղեկավարությանը հայտնելու ՀՀ եւ ԼՂ դիրքորոշումները:               

ՄԱՆՎԵԼ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հայկական Ժամանակ

03.03.2009

No comments:

Post a Comment