Wednesday, March 4, 2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՀԱՅՈՒԹՅԱՆ □ՇԱՀԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ□

Թուրք-ադրբեջանական նոր ծրագիրը  

   Որքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական մեծ առեւտուր սկսած Թուրքիան փորձում է իրականություն դարձնել Հայոց ցեղասպանության ճանաչումը խափանելու, միաժամանակ՝ Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու մի բարդ, հիրավի սատանայական ծրագիր։

   Անկարան հասկացել է, որ Հայաստանի հետ իր սահմանները չբացելու պարագայում Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն անխուսափելի է։ Նկատի ունենալով այս հանգամանքը, Թուրքիան նախապատրաստել է հայ-թուրքական սահմանի բացումը Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքների վերադարձի հետ շաղկապելու ծրագիր, որը Ադրբեջանիձեռքովմատուցել է նաեւ Ռուսաստանին։

   Ազատագրված տարածքների մի մասը (բացի Քելբաջարի ու Լաչինի շրջաններից) վերադարձնելու դիմաց Թուրքիան ու Ադրբեջանը խոստանում են բացել Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապող բոլոր կոմունիկացիաները։

   Հաշվի առնելով այն իրողությունը, որ ռուս-վրացական պատերազմից հետո Հայաստանում իր ռազմական հենակետն ունեցող Ռուսաստանը շահագրգռված է Կարս-Գյումրիի եւ ադրբեջանական երկաթուղու գործարկմամբ, թուրք-ադրբեջանական դիվանագիտությունը փորձում է հնարավորինս արագորեն օգտվել ստեղծված կացությունից մեկ կրակոցով երկու «նպատակ» խոցելու համար։ Այն է՝ կասեցնել Հայոց ցեղասպանության ճանաչումը Կոնգրեսում եւ միաժամանակ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հետ դիմակայության մեջ ապահովելշահած դիրքերփոքր եղբոր՝ Ադրբեջանի համար։

   Դա է պատճառը, որ վերջին օրերին Ադրբեջանի արտգործնախարար Է.Մամեդյարովը փորձում է «ոգեւորել» հայկական կողմին՝ ազատագրված տարածքների վերադարձի դիմաց սպասվող տնտեսական «փայլուն հեռանկարներով»։ Միաժամանակ Ադրբեջանը համառորեն ասպարեզ է նետում այն գաղափարը, որ պաշտոնական Երեւանը չի էլ կարող դիմադրել, եթե Ռուսաստանի ղեկավարությունը «վերջնագրային ձեւով» նրանից պահանջի համաձայնվել «ազատագրված տարածքներ՝ կոմունիկացիաների բացման դիմաց» բանաձեւի հետ։

   Առաջիկայում՝ մարտի 11-12-ին ՌԴ արտգործնախարար Ս.Լավրովի նախատեսված այցը Բաքու, դրան հետեւող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ժամանումը Թուրքիա եւ վերջապես Կովկասի հետ կապված խնդիրների ներառումը Ժնեւում նախատեսված Հ.Քլինթոն-Ս.Լավրով հանդիպման օրակարգում, վկայում են, որ թուրք-ադրբեջանական դիվանագիտությունը լրջորեն է աշխատում ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Մոսկվայի հետ։

   Ավելին՝ Միացյալ Նահանգներին այս ծրագրով շահագրգռելու, միաժամանակ նաեւ շանտաժի ենթարկելու համար օրերս թուրքական ԶԼՄ-ները տարածել են Հայոց ցեղասպանության ճանաչման պարագայում գործի դրվելիք թուրք-ադրբեջանական համատեղ ծրագրի հիմնական կետերը։ Այն է՝ երկու երկրները նվազագույնի են հասցնելու իրենց կապերը Վաշինգտոնի հետ, Թուրքիան «խզելու է» իր գոյություն չունեցող «հարաբերությունները», այսինքն՝ շփումները Հայաստանի հետ եւ առաջադրելու է «Ինջիրլիք» հենակետից ամերիկյան զորքերի դուրսբերման պահանջ։

   Ինչպես տեսնում ենք, թուրքական կողմը ԱՄՆ-ին սպառնալու այնքան էլ մեծ հնարավորություն չունի, քանի որ նույնիսկ «Ինջիրլիքի հարցը» այլեւս այնքան էլ կարեւոր չէ Իրաքից իր զորքերի դուրսբերումը սկսող ԱՄՆ-ի համար։

   Իրականում «ամերիկյան ճակատում» թուրք-ադրբեջանական դիվանագիտության հնարավորությունները պարփակվում են միայն մի հարցի շրջագծում. դա Ադրբեջանի ամրագրումն է ԱՄՆ ռազմավարական վերահսկողության գոտում՝ որպես Հարավային Կովկասից ու Միջին Ասիայից էներգակիրների արտահանման խաչմերուկ։ Բայց հենց այստեղ է թաքնված աշխարհի հզորների հետ սկսված թուրք-ադրբեջանական մեծ աճուրդի «աքիլլեսյան գարշապարը», որովհետեւ Ադրբեջանի վրա «աչք է դրել» նաեւ Ռուսաստանը։ Բնական է, որ նման պայմաններում թուրք-ամերիկյան, ուրեմն նաեւ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների վատացումը ձեռնտու է Մոսկվային։

   Հենց սա է ներկայումս համառորեն փորձում խաղարկել թուրքական դիվանագիտությունը՝ ԱՄՆ-ին «սպառնալով» ռուս-թուրք-ադրբեջանական «դաշինքի», իսկ Ռուսաստանին՝ Հարավային Կովկասում իր միակ «հենման կետը» հանդիսացող Հայաստանի շրջափակումը պահպանելու եւ ուժեղացնելու հեռանկարներով։ Ի վերջո, երկուսին էլ առաջարկվում է «փոխզիջում» հայկական կողմի շահերի հաշվին։

   Ըստ այդմ՝ ԱՄՆ-ը չպետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի դրա դիմաց Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանները եւ միանգամայն տեսանելի հեռանկարում պայմաններ ստեղծի Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրսմղման համար։

   Իսկ Ռուսաստանը, իր հերթին, պետք է «հարկադրի» իր ռազմավարական դաշնակից Հայաստանին հրաժարվել ազատագրված տարածքների մի մասի վերահսկողությունից, որպեսզի վերականգնի իր ցամաքային կապը Հայաստանի ու այնտեղ գտնվող Գյումրիի ռազմական հենակետի հետ։

   Հարց է առաջանում. իսկ այդ դեպքում ո՞ւմ ազդեցության տակ էհայտնվելուԱդրբեջանը՝ Միացյալ Նահանգների՞, թե՞ Ռուսաստանի։ Ակնհայտ է, որ ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի, այլ երրորդ կողմի, տվյալ պարագայում՝ Թուրքիայի, քանի որ կոմունիկացիաները բացվելու են, «հայկական սեպը» թուլանալու է, ինչի հետեւանքով Միացյալ Նահանգները ստանալու է նաեւ ՆԱԲՈՒԿԿՈ գազային ծրագիրը Հայաստանով անցկացնելու եւ Ռուսաստանին վերջնականապես «խաղից դուրս» թողնելու հնարավորություն։

   Ներկայումս ինտենսիվորեն ծավալվող թուրք-ադրբեջանական դիվանագիտական խարդավանքների հնարավոր հաջողության միակ տարբերակը թաքնված է նոր միայն սկսվող ռուս-ամերիկյան ռազմավարական երկխոսության հեռանկարների մեջ։ Այստեղ են գտնվում նաեւ թուրք-ադրբեջանական դիվանագիտության խարդավանքներին դիմակայելու Հայաստանի հնարավորությունները։

   Հայաստանը պետք է շարունակի Ղարաբաղյան բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պահելու իր քաղաքականությունը՝ սկզբունքորեն բացառելով որեւէ այլ՝ միջանկյալ կամ կիսատ-պռատ լուծման հնարավորությունն անգամ։ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ապացուցի, որ տարածաշրջանում իր գրաված աշխարհաքաղաքական դիրքը բացառիկ է, ուստի ուժի երկու կենտրոններն էլ պետք է շահագրգռված լինեն այն պահպանելու եւ ամրապնդելու հեռանկարով։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Հայոց աշխարհ

04.03.2009

No comments:

Post a Comment