Wednesday, March 4, 2009

Անջեյ Կասպրշիկ. «Միջադեպի չկրկնման երաշխիք չկա, բայց պետք է անել ամենահնարավորը, որ դա չկրկնվի»

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ԼՂՀ նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանեց նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, որը հիմնականում խոսեց շփման գծի վերջին դիտարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին, ինչի արդյունքում մոնիտորինգը դադարեցվեց:

Փաստելով, որ դիտարկման ժամանակ եղել են կրակոցներ եւ արդյունքում իր կողմից դադարեցվել է մոնիտորինգը, նա տեղեկացրել է, որ դրանից հետո հանդիպել է ռազմական փորձագետների հետ եւ միջադեպի վերաբերյալ զեկույց է պատրաստում:

«Միջադեպը բավականին լուրջ է, այն ընդհանրապես չպիտի լինի, քանի որ դրանից տուժում են երկու կողմերի զինծառայողները , ինչպես նաեւ հաշվի առնելով, որ զինադադար է: Լուրջ է նաեւ այն առումով, որ եղել է հենց իմ դիտարկման ժամանակ, երբ երկու կողմերը երաշխավորում են, որ ոչ մի կրակոց չի լինելու»,-նշել է Անջեյ Կասպրշիկը: Նրա հավաստմամբ` հարցը կքննարկի բարձրաստիճան զինվորականների հետ եւ կփորձի պարզել տեղի ունեցածը:

«Իսկ ով է մեղավոր, ով է կրակել» հարցի պատասխանն այսպիսինն էր. «Գիտեք, խրամատներում շատ դժվար է կողմնորոշվել, թե ով է իրականում կրակել, որտեղից: Եթե մեկի ձեռքից չենք բռնել, եթե հետո չկա ուսումնասիրություն, երբ կողմերից մեկը պատրաստ է իր վրա վերցնել պատասխանատվություն` տեղի ունեցածի համար, ապա ապացույցներ ստանալը փաստորեն անհնար է»:

Վերջին շրջանում հրադադարի խախտման դեպքերի հաճախակիացման մասին հարցին պատասխանելով նա հիշեցրել է, որ ինֆորմացիա ուներ եւ նախկինում, եւ հիմա, ու կարծում է, որ խախտումների դեպքերի քանակն այնքան էլ չի ավելացել, «ուղղակի նախկինում պաշտոնական հայտարարությունները չեն եղել, իսկ հիմա դրանք կան, այդ պատճառով էլ տպավորություն է ստեղծվում, թե դրանք շատ են»:

Միջադեպի չկրկնման ոչ մի երաշխիք էլ չկա, ըստ Անջեյ Կասպրշիկի, բայց պետք է անել ամենահնարավորը, որ դա չկրկնվի: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ հաջորդ մոնիտորինգը կլինի մարտի առաջին կեսին:

Լրագրողների խնդրանքով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անդրադարձավ նաեւ դիպուկահարների հետքաշման հարցին, որը ըստ նրա, դեռեւս քննարկման փուլում է. «Հուսով եմ, որ դրական արձագանք կլինի բոլոր կողմերից»,-ավելացրել է նա:

www.hetq.am

Անահիտ Դանիելյան

03.03.2009

No comments:

Post a Comment