Thursday, December 25, 2008

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԼՂՀ մի խումբ հասարակական գործիչներ ստեղծել են Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհուրդ; Որպես հիմնական առաջնահերթություն Խորհուրդը նպատակ ունի նպաստել առկա մտավոր ներուժն ի մի բերելուն և արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում Արցախի առջև ծառացած հրատապ խնդիրների լուծմանը այն ի սպաս դնելուն, շահագրգիռ պետական և ոչ պետական կառույցների համար գործնական առաջարկություններ մշակել, այդ թվում` հանրապետության համար հրատապ հարցերի շուրջ հանրային քննարկումների միջոցով: Խորհուրդը պարբերաբար վերլուծական նյութեր է պատրաստելու, հրապարակելու է մեկնաբանություններ և փորձագիտական գնահատականներ: Խորհրդի անդամները պայմանավորվել են գործել ազգային շահերին հավատարմության, ոչ թե կուսակցական, այլ արհեստավարժական իրավասուության սկզբունքների հիման վրա: Խորհուրդը գլխավորելու է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը: Նրա խոսքերով, Խորհրդում որպես փորձագետներ ներգրավվելու են ոչ միայն արցախցի մասնագետները, այլև Արցախի բարեկամները, ովքեր աշխատում են նորանկախ երկրի սահմաններից դուրս: Մ. Մայիլյանը վստահություն է հայտնել, որ Հանրային խորհրդի աշխատանքը կնպաստի ինչպես ԼՂՀ արտաքին քաղաքականության պաշտոնական սուբյեկտների, այնպես էլ հանրապետական առանձին կառույցների գործունեության ակտիվացմանը: Խորհրդի անդամների կարծիքով, ԼՂՀ-ի համար բոլորովին նոր հանրային կառույցի աշխատանքը հեռանկարային գաղափարներով ու նախաձեռնություններով կհարստացնի արտաքին-քաղաքական օրակարգը: Հանրապետության արտաքին-քաղաքական ռազմավարության ձևավորման գործում քաղաքացիական հասարակության մասնակցությունը կնպաստի ԼՂՀ ազգային շահերի պաշտպանությանն ուղղված որոշումների ընդունմանը:

Լրագիր

25.12.2008

No comments:

Post a Comment