Thursday, December 25, 2008

«ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՓԱԿ ԼԻՆԵԼՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է Ի ՎՆԱՍ ՄԵԶ»

Քանի՞ մամլո ասուլիս է կազմակերպվել մոսկովյան հռչակագրի մասին ստորագրումից ի վեր: 46. հաշվել եւ պարզել են «Ազգ» եւ «Առավոտ» օրաթերթերի խմբագիրները: «Ասուլիսներին մասնակցել են մարդիկ, որոնց մեր լրագրողները քաղաքագետի տիտղոսն են տալիս: Իրականում շատ չեն այն մարդիկ, ովքեր տիրապետում են ղարաբաղյան հարցի նրբություններին: Բանակցությունների խորհրդապահական լինելու հետեւանքով ամեն տեսակ ենթադրությունների եւ հիմնավորումների համար դուռը բաց է մնում: Մամուլն էլ արտացոլում է այդ կարծիքները: Կարծում եմ, որ խուճապային տրամադրությունների տարածման կարիք չկա, բայց եւ հանգստանալու առիթ էլ չեմ տեսնում: Սակայն մեր անհանգստությունները արդյունք չեն տալիս, որովհետեւ մենք իրավիճակին չենք տիրապետում: Միայն վերջերս մամուլին հայտնի դարձան մադրիդյան սկզբունքները, որոնց շուրջ բազմաթիվ հոդվածներ էին տպագրվել մինչ այդ: Հասկանալի է, որ բանակցությունների ընթացքը գաղտնի է պահվում, սակայն մյուս կողմից էլ հարցը վերաբերում է երկու ժողովուրդների ճակատագրին եւ մամուլը պետք է ինչ-որ կերպ արձագանքի», «Դե Ֆակտո» մամուլի ակումբում երեկ հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում նշեց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:

Ի տարբերություն հայ դիվանագետների, ադրբեջանական իրականությունում պատկերն այլ է: Եթե Հայաստանում բանակցությունների շուրջ մեկնաբանությունները հնչում են հազվադեպ եւ այն էլ հակիրճ, ադրբեջանցի դիվանագետները պատրաստակամ են մեկնաբանելու հարցի լուծման ընթացքը` քարոզելով իրենց սեփական գաղափարները: «Եվ, քանի որ հայաստանյան մամուլը բանակցությունների ընթացքի շուրջ մեկնաբանություններ ստանալու աղբյուր չունի, ստիպված է լինում որոշակի վերապահումներով մեջբերումներ անել ադրբեջանական մամուլից: Այս առումով ինֆորմացիայի փակ լինելն աշխատում է ի վնաս մեզ: Կարծում եմ, որ իշխանությունները պետք է ժամանակ առ ժամանակ ինֆորմացիայի արտահոսք թույլ տան», նշեց «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:

Գործընկերոջ հետ համաձայն էր Հակոբ Ավետիքյանը: Նման փորձ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիրն արդեն ուներ: «Երբ 1996 թվականին խոսվում էր իշխանությունների կողմից Ղարաբաղը ծախելու մասին, մեր թերթում էլ քննադատական հոդվածներ լույս տեսան: Ինձ իր մոտ հրավիրեց Լեւոն Զուրաբյանը, որ այն ժամանակ նախագահի մամլո խոսնակն էր: Նա ինձ տվեց համաձայնագիրը՝ տեղում ծանոթանալու: Ու հետո ես համոզվեցի, որ իսկապես նման խոսակցություններն անիմաստ են: Կարծում եմ, որ դա ճիշտ քայլ էր: Պարկեշտ լրագրողներին եւ խմբագիրներին կարելի է ժամանակ առ ժամանակ ծանոթացնել հարցի էությանը՝ չհրապարակելու պայմանով», նկատեց Հակոբ Ավետիքյանը:

Նախագահի հետ հանդիպելու եւ հարցեր քննարկելու Ռոբերտ Քոչարյանի ձեւավորած ավանդույթը կարեւորեցին երկու խմբագիրներն էլ: Սերժ Սարգսյանը նման հանդիպումներ դեռ չի կազմակերպել, որի անհրաժեշտությունը, սակայն, զգացվում է: «Ռոբերտ Քոչարյանը խմբագիրների հետ զրուցում էր մի քանի ամիսը մեկ անգամ: Սերժ Սարգսյանը նման հանդիպում կազմակերպեց միայն մարտի մեկից հետո, երբ դեռ վարչապետ էր եւ չէր ստանձնել նախագահի պարտականությունները: Լեւոն Տեր-Պետրոսյանը նման հանդիպումներ ընդհանրապես չէր անցկացնում», ասաց Արամ Աբրահամյանը:

Խմբագիրները ղարաբաղյան հարցի մոտալուտ լուծման նախադրյալներ չեն տեսնում: Դեռ ավելին, ստատուս քվոյի պահպանումը նրանք առավել գերադասելի են համարում, քան փոխզիջումների փոխարեն միայն զիջումների գնալով հարցի լուծման հասնելը:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ

Ազգ

25/12/2008

No comments:

Post a Comment