Thursday, December 25, 2008

ՀԱՅԱՍՏԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆ ԱՎԱՐՏԵԼ Է ԵՐԿՈՒ ԾՐԱԳԻՐ ՀԱԴՐՈՒԹՈՒՄ

Հայաստան համահայկական հիմնադրամն ավարտեց ԼՂՀ Հադրութի շրջանային հիվանդանոցի հիմնանորոգումն ու Տող-Հադրութ գազատարի շինարարությունը 1982 թվականին կառուցված Հադրութի շրջանային հիվանդանոցը երբեւէ չէր հիմնանորոգվել եւ չէր համապատասխանում արդի բուժսպասարկման պահանջներին: Շրջանին սպասարկող միակ հիվանդանոցն անհրաժեշտ էր արդյունավետ ծառայեցնել շուրջ 12 000 բնակիչների բուժսպասարկման կարիքներին: Ծրագրի շրջանակներում` հիվանդանոցում հիմնանորոգվեցին բաժանմունքների պատերը, տանիքը, հատակն ու առաստաղը. տեղադրվեցին նոր դռներ ու պատուհաններ` հիվանդասենյակները դարձնելով լուսավոր ու հարմարավետ: Վերանորոգվեցին ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, ջեռուցման եւ կոյուղու համակարգերը: Ինֆեկցիոն բաժանմունքի առանձնացված նորակառույց մուտքը նպատակ ունի հարակից բաժանմունքներում բուժվող հիվանդներին զերծ պահել հնարավոր վարակներից: Շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրը հովանավորել է Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան ափի տեղական մարմինը: Շրջանում բուժսպասարկումն առավել ճկուն եւ հասանելի դարձնելու համար Հիմնադրամը հիվանդանոցին նվիրաբերել է 4 նոր շտապօգնության մեքենա` համալրված համապատասխան սարքավորումներով: Հիվանդանոցի ղեկավարությունը նպատակահարմար է գտել մեքենաներից մեկը տրամադրել հիվանդանոցից շուրջ 20 կմ հեռավորության վրա գտնվող Տող գյուղի բուժկետին: Շուտով շահագործման կհանձնվի նաեւ ՙՏող-Հադրութ՚ 22 կմ երկարությամբ գազատարը: Գազատարը երկնագույն վառելիքով կապահովի շրջկենտրոնի եւ հարակից 7 գյուղերի շուրջ 5200 բնակչի, ինչպես նաեւ կսպասարկի նորակառույց հիվանդանոցին: Գազատարի շինարարությունն (ընդհանուր արժեքը` շուրջ 444մլն ՀՀ դրամ) իրականացվել է Արցախի վերածնունդ ծրագրի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են Հայաստան համահայկական հիմնադրամից:

Լրագիր

25.12.2008

No comments:

Post a Comment