Thursday, March 19, 2009

Արցախի ոչ կառավարական երիտասարդական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը

Հայաստանում և Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության մասին ԱՄՆ-ի Պետական Դեպարտամենտի զեկույցի վերաբերյալ

 

2009թ. փետրվարի 25-ին ԱՄՆ-ի Պետական Դեպարտամենտի Ժողովրդավարության, Մարդու իրավունքների և Աշխատանքի Բյուրոն հրապարակել է զեկույցներ, որոնք դիտարկում են տարբեր երկրներում 2008թ. մարդու իրավունքների պաշտպանության հարցերը: Ինչպես և նախկինում, զեկույցում մասամբ լուսաբանվում է Կովկասյան տարածաշրջանի իրադրությունը` ներառյալ Հայաստանը և Ադրբեջանը: Մանրազննին ծանոթանալով Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներին, մենք կատարել ենք մի շարք հետևություններ, որոնք ամփոփված են սույն հայտարարության մեջ:

Ընդհանուր առմամբ մենք  ողջունում ենք ԱՄՆ-ի Պետական Դեպարտամենտի ուշադրությունը մարդու իրավունքների հանդեպ ամբողջ աշխարհում, ինչպես նաև մեր տարածաշրջանին հատկացված հատուկ ուշադրությունը: Մենք կոչ ենք անում մյուս պետությունների իշխանություններին, այդ թվում մեր տարածաշրջանի երկրներին, հետևել ԱՄՆ-ի օրինակին և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը զետեղել ինստիտուցիոնալ գործառնության և ամենամյա հաշվետվության կիզակետում: Սակայն կառավարական զեկույցները պետք է ազատ լինեն  քաղաքական կանխակալությունից, կողմնակալությունից և կանխակարծությունից: Հակառակ դեպքում դրանք կարող են կորցնել վստահելիությունն իրենց նկատմամբ, իսկ հասարակությունը այն կսկսի դիտարկել որպես միջազգային հարաբերություններում քաղաքական ճնշման ևս մի գործիք:

Այս տեսանկյունից խիստ ափսոսանք է հարուցում այն, որ ԱՄՆ-ի ՊետԴեպարտամենտի զեկույցներն, ինչպես և նախկինում, շարունակում են մնալ քաղաքականապես կանխակալ և  մասամբ չեն համապատասխանում իրականությանը: Մարդու իրավունքների պաշտպանության ու դրանց խախտման մասին տեղեկատվության փոխարեն Հայաստանի և  Ադրբեջանի վերաբերյալ հաշվետվությունները պարունակում են երկիմաստ քաղաքական հայտարարություններ, որոնք ցույց են տալիս ԽՍՀՄ փլուզման պատճառների ու հետևանքների, Կովկասյան պետություններին անկախության և Արցախյան հակամարտության ոչ ճիշտ ըմբռնումը: Երկու հաշվետվություններն էլ ընթերցողին մոլորության մեջ են գցում իրենց այն պնդումներով, որ «էթնիկ հայ անջատողականները… շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի տարաշծաշրջանի մեծ մասը…»: Այստեղ ամբողջովին անտեսվում է այն փաստը, որ այսպես կոչված «հայ անջատողականները» Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ բնակչությունն է և «վերահսկում են» իրենց նախնիների հողը` իրավունք ունենալով ապրել սեփական հայրենիքում և ազատ լինել ադրբեջանական բռատիրական վարչակարգից:

Այսօր ամբողջ աշխարհում մարդու իրավունքների հարցերով զբաղվող անկախ փորձագետները և ուսումնասիրողները ընդունում են, որ Ադրբեջանի հետ համեմատած Լեռնային Ղարաբաղը շատ ավելի առաջ է ժողովրդավարության, օրինականության և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում: Անկախության ձեռքբերումից հետո Արցախի ժողովուրդը արդյունավետ օգտագործել է ընտրության իր իրավունքը և մասնակցությունը քաղաքական գործընթացներին ու 2007թ. ընտրել ԼՂՀ թվով երրորդ նախագահին: Միևնույն ժամանակ Ադրբեջանի քաղաքացիները զրկված են համանման իրավունքից և ստիպված քվեարկում են Ալիևների կլանի օգտին` անարդար ընտրությունների ընթացքում, որոնք հիմնականում համարվում են անազատ և անարդար: Ադրբեջանի ճնշող ավտորիտար պետական մեքենան ոչ մի կերպ չի կարող համեմատվել Լեռնային Ղարաբաղի դինամիկ զարգացող ժողովրդավարական ինստիտուտների հետ: Ավելին, ծայրահեղ հայատյացությունը ու հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քարոզումը դարձել են Ադրբեջանի պետական քաղաքականության մի մասը: Ատելությունը հայերի հանդեպ մերօրյա Ադրբեջանում հավասարազոր է նացիստական Գերմանիայում հակասեմիստական հիստերիային, իսկ որոշ առումով ել նույնիսկ գերազանցում է այն: ԱՄՆ-ի ՊետԴեպարտամենտի վերոհիշյալ հաշվետվություններն անտեսում են ժողովրդավարության մակարդակների ակնհայտ և էական տարբերությունները, օրինականության պահպանման և մարդու իրվունքների նկատմամբ հարգանքը Արցախում և նման հարգանքի բացակայութունը Ադրբեջանում:

Վերոհիշյալ հաշվետվությունները ի վիճակի չեն ընդունել այսօրվա իրականությունը, անտեսելով ԼՂՀ գոյությունը, որն Արեևելյան Եվրոպայի այն հազվագյուտ  երկրներից է, որ առաջացել է բացառապես ժողովրդավարական գործընթացների` համաժողովրդական հանրաքվեի և ժողովրդի ազատ կամքի արտահայտման շնորհիվ: Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ հաշվետվություններում Լեռնային Ղարաբաղը շարունակվում է հիշատակվել իբրև «Ադրբեջանի տարածաշրջան», որը փաստացի սխալ է: ԼՂՀ երբեք անկախ Սդրբեջանի մաս չի կազմել. այն կոմունիստական Ադրբեջանին էր բռնակցվել Ստալինյան հանցավոր վարչակարգի ձեռքերով: Ստալինյան վարչակարգի հանցավոր  ժառանգության ամրագրումը մարդու իրավունքների նման պետական ինստիտուտի հաշվետվություններում, ինչպես նաև նախկին ԱդրԽՍՀ-ում հայ բնակչության դեմ ցեղասպանության ակտի. ադրբեջանական ագրեսիայի հետևանքների և Արցախյան հայության նկատմամբ նոր ցեղասպանության ձախողված փորձի ամբողջական անտեսումը վերոհիշյալ զեկույցներում, անհանգստության լուրջ տեղիք են տալիս: Հիշյալ  երկու հաշվետվությունները անտեսում են ադրբեջանական ագրեսիայի մյուս հետևանքները: Ադրբեջանի վերաբերյալ հաշվետվությունը «ներքին տեղափոխված անձանց» սխալմամբ համարում է փախստականներ: Գնահատելով ադրբեջանական փախստականների թվաքանակը 500-600 հազար (այսինքն շատ ավելի փոքր, քան Ադրբեջանի պաշտոնական քարոզչության ներկայացրած տվյալները), հաշվետվությունը նկատի չի առնում  Ադրբեջանի հայ փախստականներին, Ադրբեջանի կողմից օկուպացված ԼՂՀ Շահումյանի շրջանի ներքին տեղափոխված անձանաց, որոնց ընդհանուր թիվը կազմում է մոտ 400 հազար մարդ: Այս փաստը կարելի է դիտարկել իբրև երկակաի չափանիշների կիրառման ակնհայտ օրինակ: Նույն հաշվետվությունը հիշատակում է «տեղափոխված մեսխեթցի թուրքերին…Լաչինի շրջանից, որը Հայաստանի աջակցությամբ վերահսկվում է ԼՂ կողմից»: Տեքստից հնարավոր չէ հասկանալ, թե ինչ էին անում Լեռնային Ղարաբաղում մեսխեթցի թուրքերը, որոնք մինչև հակամարտության առաջացումը չեն ապրել այնտեղ և հակամարտության առաջացումից հետո ցինիկորեն օգտագործվել են Սովետական Ադրբեջանի իշխանությունների կողմից` փորձելով տարածաշրջանում փոխել ժողովրդագրական իրավիճակը: Այս մեջբերումը ևս մեկ ապացույց է առ այն, որ մինչև հակամարտությունը Ադրբեջանը փորձել է իրականացնել հայաբնակ Լեղնային Ղարաբաղի հայաթափումն ու թրքացումը, ինչն էլ փաստորեն հակամարտության պատճառներից մեկն է հանդիսացել:

Հայաստանի և  Ադրբեջանի  մասին հաշվետվությունները պարունակում են երկիմաստ պնդումներ, որոնք կարող են մոլորության մեջ գցել անտեղյակ ընթերցողին: Օրինակ, Հայաստանի մասին հաշվետվության մեջ հայտարարվում է, թե «հուլիսի 17-ին և 18-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի քաղաքացիական երկու անձիք գնդակահարվել են դիպուկահարների կողմից` դաշտում աշխատելու պահին, իսկ 18-ին նրանք մահացել են»: Անտեղյակ ընթերցողները կարող են ենթադրել, թե քաղաքացիական անձիք գնդակահարվել են հայ դիպուկահարների կողմից, բայց իրականում հրաձգությունը կատարվել է ադրբեջանցի դիպուկահարների կողմից` սահմանի վրայով, ինչն ինքնին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտում է: Այսպիսի և համանման մյուս փաստացի սխալներն ու անճշտությունները զեկույցը դարձնում են անորոշ և մասամբ անօգուտ, այնպես, որ մարդու իրավունքների (այս դեպքում խոսքը վերաբերում է կյանքի իրավունքին) խախտման մեղավորները չեն զգում որևե ճնշում` ուղղված իրենց հանցավոր գործունեության դադարեցմանը:

Ադրբեջանի մասին զեկույցում հայտարարվում է, որ «տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում կողմերին բաժանող ռազմականացված գոտու երկայնքով փոխհրաձգությունները հանգեցրել են երկու կողմերի մեծաքանակ կորուստներին»: Անհերքելի է այն, որ հայկական կողմը նույնպես երբեմն դիպուկահարներ է օգտագործում սահմանային փոխհրաձգությունների ժամանակ, ինչը մենք, իհարկե, քննադատում ենք: Սակայն ցանկացած անկողմնակալ դիտորդ կհաստատի, որ նման դիպուկահարության միջադեպերը, որպես կանոն, հրահրվում են ադրբեջանցիների կողմից: Դա վերաբերում է նաև առևանգումներին. նման  գործողությունները գլխավորապես ձեռնարկվում են ադրբեջանական կողմից:

Մենք հավատացած ենք, որ Հայաստանի , Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանության մասին հաշվետվության և փորձի հանդեպ արտաքին ուշադրությունը կարող է կարևոր գործոն հանդիսանալ`հարկադրելով սույն երեք պետությունների կառավարություններին այս հարցում ցուցաբերել աչալրջություն և զգայունություն: Մենք հաստատում ենք, որ սկզբունքորեն ողջունում ենք մեր տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ի ՊետԴեպարտամենտի հաշվետվությունը, սակայն, դժբախտաբար, վերջին հաշվետվություններում տեսնում ենք հետևողական քաղաքական կանխակալություն և փաստացի անճշտություններ: Դա լրջորեն վնասում է հիշատակված փաստաթղթերի արժեքին, հանդիսանում է արդարացի հաշվետվության կազմման ևս մեկ չօգտագործված հնարավորություն և արդյունքում վնասում է ԱՄՆ-ի վերաբերյալ որպես օբյեկտիվ դիտորդի և արդար միջնորդի պատկերացմանը:

 

ԱԱՄ «Հայրենյաց Պաշտպան» երիտասարդական կազմակերպություն   

Արցախի երիտասարդ քաղաքագետների ակումբ

 «Հայկի Սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպություն

 «Ալֆա-օմեգա» գիտա-մշակութայիան հասարակական կազմակերպության  երիտասարդական թև

Հայ երիտասարդների ակումբ” հասարակական կազմակերպություն

«Զեփյուռ» հասարակական կազմակերպություն

Արցախի ժողովրդական կուսակցության երիտասարդական թև 

 

18 Ù³ñïÇ, 2009Ã.

ù. êï»÷³Ý³Ï»ñï, ÈÔР

No comments:

Post a Comment